«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՎԿ-ի հետ համագործակցության հուշագիրը հորով-մորով արած ու «տեղը պնդացրած» Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «տանն» այսօր եռուզեռ է սպասվում՝ տեղի է ունենալու Վանաձորի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը: Ասլանյանն այսօր իր հարկի տակ հյուրերի լայն շրջանակի է ընդունելու՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Վաչե Տերտերյան, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթհիաս Քիսլեր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան եւ այլք:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Աջակիցը Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունն է, համաֆինանսավորել են Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ։ Գրասենյակը, «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն, քաղաքացիներին կմատուցի ծառայություններ, կդյուրացնի համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

2015-ից ի վեր ծրագրի շրջանակներում հիմնվել է 13 նման գրասենյակ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի եւ Մեղրի համայնքներում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ասլանյանը որոշել է արձակուրդն օգտագործել արտերկրում լիցքաթափվելով՝ որպես ուղղություն ընտրելով Եվրոպան»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: