«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Ոլորտի մասնագետները դժգոհում են, որ նոր օրինագծում էլ պահպանվել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքս) ստեղծման համար առաջադրված պայմանները: Մարզերում գործող տեղական հեռուստաընկերությունները դուրս են մնացել թվայնացման գործընթացից, շարունակում են գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու հայտնվելով փակման վտանգի առջև:

«Լոռի» հեռուստաընկերությունը դրանցից մեկն է: Այն այս պահին «օդից կախված» է մնացել:

Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն արդեն 7 տարի պայքարում է օրենքի դեմ: Փոփոխություններով մարզային հեռուստաընկերությունների հեռարձակումը երկարաձգվել է մինչև նոր մրցույթը՝ 2020 թվականը:

«Դե յուրե այս հեռուստաընկերությունները գործում են, դե ֆակտո՝ նրանք ամեն օր հեռուստալսարան են կորցնում: Առաջին հայացքից թվում է, որ անժամկետ լիցենզիայի տրամադրումը շատ լավ է, բայց դա մեռնող հիվանդին քնաբեր ներարկելու նման մի բան էր»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ավետիսյանը մտավախում է, որ վերջնաժամկետից շուտ կարող են հեռարձակումը դադարեցնել փակման վտանգի առջև կանգնած մարզային հեռուստաընկերությունները:

«Այս ընթացքում կփորձենք մեր խնդիրները ներկայացնել: Կմասնակցենք նոր մրցույթին՝ թեև հույսեր չկան»,– նշեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը:

Ըստ փոփոխությունների՝ յուրաքանչյուր մարզում պետք է մեկ թվային հեռուստաընկերություն գործի: Նարինե Ավետիսյանի խոսքով՝ դա ժողովրդավարության ճանապարհը բռնած պետության համար նպաստավոր ուղի չէ: Իսկ այն երկրները, որոնք թվայնացման գործընթացի են անցել, այդտեղ հեռարձակողների թիվն է ավելացել և բարելավվել խոսքի ազատության ցուցանիշը: Մեր երկրում ճիշտ հակառակն է:

«Սահմանափակվեց հեռարձակողների թիվը: Պատահական մարդիկ չստացան այդ լիցենզիաները: Ստացան այն հեռուստաընկերությունները, որոնք վերահսկվում են իշխանությունների կողմից»,– մատնանշեց նա:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծով մարզերում գործող հեռուստաընկերությունների թվայնացման մասին կրկին խոսք չկա: Գործող օրենքով թվային հեռարձակման մասնավոր ցանցի մրցույթ էր անցկացվել: Այն այդպես էլ չկայացավ, որովհետև ոչ ոք ներդրում չկատարեց:

«Որևէ մեկը չէր ցանկանա հսկայական գումարներ ներդնել, որտեղ շուկա չկա: Մի քանի տեղական հեռուստաընկերություններ են միայն: Հանրապետական և տեղական հեռարձակողները պետության կողմից գնված մուլտիպլեքսի միջոցով են հեռարձակվում: Այսինքն՝ այստեղ մասնավոր մուլտիպլեքսի մրցույթը միֆ էր: Չկա քաղաքական կամք, իշխող կուսակցությանը չի հետաքրքրում, թե ինչու մարզային 14 հեռուստաընկերություններից այսօր 11–ն են մնացել»,– նկատեց նա:

«Լոռի» հեռուստաընկերության ներկայացուցչին մտահոգում է այն, որ երկու տասնամյակ գործունեություն ծավալած հեռուստաընկերությունները պետք է դադարեն գործել, ինչը նաև գործազրկության ցուցանիշի վրա կազդի:

Նարինե Ավետիսյանի հույսը, սակայն, Հայաստան–ԵՄ շրջանակային համաձայնագիրն է: Հռչակագիրը ձեռքից վայր չի դնում: Հսկայածավալ փաստաթղթի մեդիային վերաբերող հատվածն ուսումնասիրել է: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը կանաչ լույս կվառի իրենց ճանապարհին:

«Նրանք ընդգծում են պատշաճ կերպով գործող մեդիայի և խոսքի ազատության դերի կարևորության մասին: Վստահ եմ, որ այն ինչ–որ ձևով հայրենի իշխանություններին կպարտադրի լուծում տալ խնդրին»,– հույս հայտնեց նա:

Լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ նամակ ուղղել Ազգային ժողովին: Նրանք օրենսդիր մարմնին լուծման իրենց տարբերակները կառաջարկեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում