Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որը ժամանակ որոշում կայացվեց Երևանում տեղադրել Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Ավագանու այս որոշմանն արձագանքեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն, ով նշեց, որ  անհասկանալի է, թե ինչո՞ւ է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշատախտակ տեղադրվել Երևանում. «Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ»:

«Առաջարկում եմ Երևանում տեղադրել  Քիմ Քարդաշյանի անվան հուշատախտակ: Նա նույնպես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար, կարծում եմ` Քիմ Քարդաշյանի և Անդրանիկ Մարգարյանի հետևորդների քանակն անհամեմատ շատ է»:

Մարինա Խաչատրյանը նաև դեմ արտահայտվեց Երանում վերջերս բացված ՌԻՈ մոլին՝ այն համարելով ճարտարապետական տեսակետից սխալ կառույց, որը զրկել է փոքր բիզնեսով զբաղվող 5000 ընտանիքների՝ սեփական հացը վաստակելու հնարավորությունից. «Այդ անճաշակ կառույցը, որի վրա հայերեն ոչ մի բառ չկա գրված,  անճաշակ և տգեղ է, և, որ ամենակարևորն է, 5000 ընտանիք կանգնած է արատագաղթի շեմին: Այդ շինության փոխարեն այգի պետք է կառուցվեր, դուք ժողովրդին հիմարի տեղ եք դրել, իսկ ռուսաստանաբնակ օլիգարխին կոչ ենք անում վերադարձնել օֆշորներում գրավ դրված մնար ՀԷՑ-ը»: 

Քաղաքապետ Մարգարյանն ավագանու անդամի այս արձագանքը լսելուց հետո ասաց. 

-Ավարտեցի՞ք, շատ լավ:

Մարինա Խաչատրյանը փորձեց արձագանքել, սակայն Տարոն Մարգարյանն ընդհատեց նրան.

«Ձեզ խոսք չտվեցինք, տիկի՛ն: Մենք կոչ ենք անելու ներդրողներին՝ շարունակել  ներդրումներ անել և աջակցելու ենք բոլոր ներդրողներն»,-ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: