Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: Նախաձեռնությանը կողմ արտահայտվեցին միայն«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Հանձնաժողովի նիստին ներկա մյուս 6 անդամները դեմ արտահայտվեցին «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: Քվեարկության ընթացքում նաև հետաքրքիր միջադեպ գրանցվեց: Երբ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը քվեարկության դրեց ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու մասին «Ելք» դաշինքի նախաձեռնությանը եզրակացություն տալու մասին հարցը, ձեռք բարձրացրեց նաև հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հանձնաժողովի անդամ չէ և քվեարկելու իրավունք չունի: «Լցոնում եք անում, պարոն Մարուքյան»,- անմիջապես կատակով արձագանքեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ սկզբում ձեռնպահ էր քվեարկել, իսկ հետո պահանջեց ամրագրել, որ ինքը կողմ է «Ելք» դաշինքի նախաձեռնությանը: