Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին ամիսներ առաջ հայտարարեց, որ ՀՀ հետ վերանայված քաղաքականության մեջ ԵՄ-ն առաջարկում է նաև անվտանգության բաղադրիչ: Կարծես գնդակը Հայաստանի դաշտում էր՝ ընդունե՞լ անվտանգության բաղադրիչը, թե՞ ոչ: Նշվում էր, որ 2013թ. Ասոցացման համաձայնագրի տապալումը նաև անվտանգության խնդիրներով էր պայմանավորված: Այս դեպքում ինչպիսի՞ անվտանգություն կարող է առաջարկել ԵՄ-ն Հայաստանին՝ արդեն իսկ ստորագրված նոր Համապարփակ համաձայնագրով:
 
Ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումով նոր հեռանկարներ կարող են բացվել Հայաստանի անվտանգության ոլորտում և, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ Եվրոպան վաղուց արդեն անմիջական մասնակցություն ունի Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Սակայն միաժամանակ չպետք է գերագնահատել ԵՄ հետ համապարփակ համաձայնագրից բխող անվտանգային բաղադրիչը և դրա նշանակությունը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, որն, ի վերջո, խոշոր հաշվով տեղավորվելու է արցախյան բանակցային գործընթացի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության շրջանակներում և, թերևս, ոչ ավելին։
 
Անվտանգությունը մեր կողմից ընկալվում է որպես բացառապես ռազմական անվտանգություն, մինչդեռ միջազգային պրակտիկայում անվտանգությունն ունի ավելի լայն ընկալում՝ տեխնիկական անվտանգություն, համակարգչային անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգություն, տնտեսական անվտանգություն: Քանի որ ներկայում անվտանգության չափանիշները փոխվել են և ռիսկերn էապես մեծացել են՝ կապված հակաահաբեկչական գործողությունների հետ` Հայաստանը ԵՄ-ի հետ կարող է այս առումով էապես զարգացնել իր համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ բացառությամբ ռազմական անվտանգության: Եվրամիությունը դեռևս չունի իր սեփական ռազմական անվտանգության գործիքակազմը: Ունի ընդհանուր արտաքին և պաշտպանողական քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը էապես սահմանափակված է ԵՄ պետությունների ներսում, երրորդ երկրների հետ համագործակցության մեջ այս գործիքակազմը հազվադեպ է կիրառվում, հիմնականում հումանիտար առիթներով և գործերում: Հետևաբար, մենք կարող ենք խոսել ԵՄ հետ տեխնիկական անվտանգության մասին, ներքին անվտանգության, տվյալների փոխանակման մասին՝ կապված հակաահաբեկչական գործողությունների հետ: Ռազմական առումով Հայաստանն ունի հստակ պարտավորություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք կարողացել ենք որոշակի հաջողության հասնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափում: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ կարողացել ենք ստանալ ՀԱՊԿ-ի ղեկավարության, այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը առ այն, որ Հայաստանը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի համատեղ խաղաղապահ առաքելություններին՝ զինվորական կազմով:
 
Թեև այլընտրանքն անվտանգության առումով համարժեք բնորոշում լինել չի կարող, քանի որ համեմատելի չեն Հայաստանի անվտանգության ներկայիս մեխանիզմներն ու այն բաղադրիչները, որ ներառում է կամ ենթադրում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, սակայն միանշանակ է, որ Համաձայնագիրը մի գործոն է, որը առանցքային ռազմա-քաղաքական հավելում է Հայաստանի անվտանգության համակարգի համար: Հենց այդ գործոնը գիտակցելով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնելով Բրյուսել՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովին մասնակցելու համար, այցելել էր նաեւ ՆԱՏՕ կենտրոնակայան, թերեւս Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի դեպքում կովկասյան անվտանգության բալանսը լիարժեք պատկերացնելու համար:
 
Ստելլա Խաչատրյան