ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տրվեց ԵԼՔ խմբակցության՝ Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին: Այն չի ներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում: Նախագծին կողմ քվեարկեցին միայն հանձնաժողովի անդամներից՝ Արարատ Զուրաբյանն ու Արտակ Զեյնալյանը
 
ԵԼՔ դաշինքի այս նախաձեռնության վերաբերյալ տեսակետներն ու գնահատականները տարբեր էին: Դաշինքն ասում է, որ այդպիսով հանրային լայն դիսկուրս է ծավալվել: Միեւնույն ժամանակ, այդ նախաձեռնությունը բնականաբար դատապարտված էր տապալման մեծամասնության կողմից, եւ շատերը դրա մեջ տեսնում էին իշխանության «ականջները»՝ իբր ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման հարցում Մոսկվային ինչ-որ բան հասկացնելու համար: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ Հայաստանում այս պահին չկա միանշանակ պրո-ռուսական քաղաքական ուժ: Հանրապետական կուսակցությանը այդպիսին չես անվանի, ՀՀԿ-ն իշխանություն է, իսկ իշխանությունը, ինչպես գիտենք, առաջնորդվում է իրավիճակի թելադրանքով, այսօր Հանրապետական կուսակցության համար քաղաքական առումով նպատակահարմար է պահել ռուսական վեկտորը և նրանք դա անում են: Այս տեսանկյունից՝ դժվար էր ԱԺ-ում ծավալվող քննարկումներից այլ ելք ակնկալել: ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն նույնպես իր արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Գաղտնիք չէ, որ այս պահին ՀՅԴ-ն առաջնորդվելու է այն նույն ուղեգծով, որով որ առաջնորդվում է Հանրապետական կուսակցությունը: ԱԺ-ում հանգրվանած «Ծառուկյան» դաշինքը չունի հստակ ընդգծված արտաքին քաղաքական դիրքորոշում: Միակ վառ ընդգծված արևմտամետ քաղաքական ուժը ԱԺ-ում՝ ԵԼՔ-ն է: Այս առումով, ԵԼՔ-ն ամբողջովին կատարել է իր վրա դրված պարտականությունը: ԱԺ-ում հայտնված այն կուսակցությունները, որոնք քիչ ռեսուրսներ ունեն, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս աղմկոտ նախաձեռնություններով, որոնք օրենսդիր մարմնում բուռն կերպով կքննարկվեն: ԵԼՔ-ի վերջին գործողությունները ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Փաստը մնում է այն, որ Ազգային ժողովը, իշխանությունը ԵԼՔ-ի նախաձեռնության «շնորհիվ» եւս մեկ անգամ հավատարմության երդում տվեց Մոսկվային, ԵԱՏՄ-ն եւս մեկ անգամ «լեգիտիմացավ» արդեն նոր խորհրդարանում: Իսկ քաղաքականությունը, ինչպես ասում էր մի կարկառուն գործիչ, փաստն է: Ըստ ամենայնի, Բրյուսելում ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո եւս մեկ անգամ Մոսկվային հավատարմության երդում տալու անհրաժեշտություն է առաջացել: Ակնհայտ է, որ ԵԼՔ-ի ուզածը դա չէ, սակայն այս նախաձեռնությամբ նրանք կամա թե ակամա՝ ջուր են լցնելու ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի ջրաղացին, վերջինիս հնարավորություն տալով Մոսկվային ապացուցել իր լոյալությունը և անփոխարինելությունը: Դժվար է պատկերացնել, որ ԵԼՔ-ը չէր կանխատեսել իրերի նման ընթացքը: Ստացվում է՝ ԵԼՔ-ը նպատակ ունի ոչ թե «փրկել» Հայաստանը ԵԱՏՄ ճիրաններից, այլ շահել Արևմուտքի համակրանքը և դրա դիմաց բազում «վիտամիններ» պահանջել: Առավելագույնը, ինչ ԵԼՔ-ն այսօր ընդունակ է իրագործել, փողոցների անուններ փոխելն է, մարիխուանան օրինականացնելու մասին առաջարկ հնչեցնելը և նմանօրինակ մանր-մունր հարցերն են:
 
Անշուշտ, ԵՄ հետ հարաբերությունները կզարգանան անգամ առանց ԵԼՔ-ի հորդոր-պահանջների, դա օբյեկտիվ իրականության պահանջն է, սակայն այս հարաբերությունների համատեքստում՝ իշխող քաղաքական ուժի կողմից չի արվի այնպիսի քայլ, որը կհակասի Մոսկվայի շահերին: ԵԼՔ-ի նախաձեռնությունն ավելի քան ձեռնտու է Սերժ Սարգսյանին, դրանով նա ցույց է տալիս, որ եթե 2018-ին ընադառաջ նա չստանա Ռուսաստանի քաղաքական և բարոյական աջակցությունը, ապա որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը 360 աստիճանով կփոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Եթե նման նախաձեռնությունը լիներ 2013-ին, ապա պատկերը թերևս լիներ այլ՝ մասնավորապես ԵԱՏՄ անդամ դառնալու մասով: Բանն այն է, որ այդ ժամանակ կար նվազագույնը երկու ընդդիմադիր բևեռ, ինչպես այդ բևեռը փոշիացավ՝ բոլորս հիշում ենք: Եթե այսօր սուղ ռեսուրսների տիրապետող ընդդիմությունը իրապես ցանկանում է փոփոխությունների հասնել՝ պետք է մոբիլիզացվի՝ նոր իրավիճակում գործելու համար, քանի որ հեռանկարային չէ այս պայմաններում գործել այն տրամաբանությամբ, որ էֆեկտիվության ավելի մեծ էր 2013-ին: Եթե այդ մոբիլիզացիան և նոր քաղաքական իրադրությանն ադապտացիան ուշանում է կամ թերի է, ապա ցանկացած նման նախաձեռնություն ընդամենը փոշիացնում է առանց այդ էլ սուղ քաղաքական ռեսուրսները:
 
Ստելլա Խաչատրյան