«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումն ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմանագրի ստորագրման, ապաեւ` Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արագացրել հավատարմագրի հանձնումը` 3 օր առաջ:

Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատճառ չկա՞ վարչապետի այցի չեղարկման համար, բացի այն, ինչ նշում է ՀՀ կառավարությունը․ «Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»։

Դեսպանը, պարզվեց, նոր էր իմացել այդ մասին, մանրամասներից տեղյակ չէր, գտնվում է Հայաստանում՝ «եկել է դիմավորելու Վրաստանի վարչապետին, մասնակցելու նրա հայաստանյան այցին»:

ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի չեղարկման պատճառը Կվիրիկաշվիլու կառավարության կողմից պառլամենտին ներկայացված «Կառավարության կառուցվածքի մասին» անհետաձգելի օրենքի չընդունվելն է, ինչն էլ պառլամենտական երկիր Վրաստանի սահմանադրությամբ` կառավարության եւ վարչապետի վստահության ու հրաժարականի խնդիր է առաջացնում:

Ի դեպ, Կվիրիկաշվիլու կուսակցությունը` «Վրացական երազանքը», պառլամենտում լուրջ մեծամասնություն ունի, եւ «պետք է որ նման բան չլիներ»,- ասաց մեր աղբյուրը:

Նշենք, որ Հայաստանում եւս մշակվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենք, եւ այն նույնպես առաջիկայում կներկայացվի պառլամենտական երկիր Հայաստանի խորհրդարանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում