ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից 2014-2017 թվականների ընթացքում կարգապահական հանձնաժողով ստացվել է ընդհանուր 236 միջնորդություն:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանն ասաց, որ միջնորդություններից 97-ը կամ 41.1 տոկոսը ստացվել է 2017 թվականի ընթացքում: «Ներկայացված միջնորդություններից հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն` 3,8 տոկոսը»,-ասաց նա:  Ղամբարյանի խոսքով` 2104-2017 թթ. ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ 124 միջնորդություն է ներկայացվել, որոնցից 108-ը՝ ՀՀ ՔԿ նախագահի կողմից, 16-ը` հանձնաժողովի անդամների: «124 միջնորդություններից 120-ը բավարարվել եւ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում հաստատվել է 91 ՔԿ ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է»,-հավելեց նա: Կարգապահական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսանում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում կատարած նախնական ուսումնասիրությունների արդյունքները: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔԿ ծառայողի կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում միջնորդություններ են ստացվել քաղաքացիներից, քննչական կոմիտեի տարածքի ստորաբաժանումների ղեկավարներից: Ընդ որում, ամենաշատը միջնորդությունները ներկայացվել են դատախազների կողմից, որոնք մեծ մասամբ չեն հիմնավորվել»,-նշեց Ղամբարյանը: