Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ջանքերով սկսել է ակտիվ գործել միության փոքր դահլիճը, բացվել են մեծ դահլիճի դռները, այնտեղ մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել են գիլդիաներ, ընտրվել են դրանց ղեկավարները: Այս և այլ դրական փոփոխությունները դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց միության նախագահը:

«Շուրջ քսան տարի անց բացվել են կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճի դռները: Շաբաթը երկու կամ երեք անգամ այնտեղ ֆիլմեր են ցուցադրվում, կինոնկարների քննարկումներ անցկացվում: Մարդկանց հետաքրքրությունը կինոյի նկատմամբ բավականի մեծ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Հարություն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ անցկացվել են կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոռեժիսորների, կինոնկարիչների, կինոդերասանների, կինոպրոդյուսերների, կասկադյորների մասնագիտական գիլդիաների ստեղծման նախաձեռնող խմբերի հավաքներ, ընտրվել են գիլդիաների ղեկավարները, քննարկումներ են սկսվել այդ գիլդիաների կանոնակարգերը ստեղծելու ուղղությամբ:

Մշակվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը: Այն համապատասխանեցվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջներին: Նոր կանոնադրությունը քննարկվել է միության վարչությունում ու հաստատվել ժողովում:

Երկարատև ընդմիջումից հետո բացվել են նաև կինոյի տան մեծ դահլիճի դռները և սկսվել են դահլիճի մասնակի նորոգման աշխատանքները: Այս պահին նորոգվում են դահլիճի հարակից սրահները: Վարդանանց փողոցի կողմից բացվել է դահլիճ տանող փոքր մուտքը, այնտեղ նույնպես սկսվել են նորոգման աշխատանքներ' կառուցվում են սանհանգույցներ, աստիճանահարթակը, որ հնարավոր լինի այնտեղից մուտք ապահովել դեպի դահլիճ:

Միությունը միջոցներ է հայթայթում մեծ դահլիճի աթոռները փոխելու համար: Արվում է ամեն հնարավորը, որ այնտեղ նույնպես կինոցուցադրություններ անցկացվեն:

Աշխատանքներ են կատարվում կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ: Նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարանների, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան, որտեղ նույնպես տեղի կունենան կինոցուցադրություններ:

Հարություն Խաչատրյանի խոսքով' թանգարանում նաև գրադարան կգործի, այն հրաշալի մշակութային կենտրոն կդառնա, որը կգրավի ոչ միայն Հայաստանում բնակվող արվեստասերներին, այլև օտարերկրացիներին:

Հանդիպումներ են եղել մշակույթի և քաղաքաշինության նախարարների հետ, քննարկվել է թանգարանի հարցը, այց է կատարվել «Հայֆիլմ» կինոստուդիա, ուսումնասիրվել է այն ամենը, ինչ մնացել է հայկական կինոյից, ոպեսզի թանգարանի համար այնտեղից հնարավոր լինի համապատասխան նմուշներ ձեռք բերել:

Ձևավորվել է թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով: Հանդիպումներ են եղել Հայաստանում Գերմանիայի, Ճապոնիայի դեսպանների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչների, Մեծ Բրիտանիայի Ուելսի Աբերիստուիտի բազմապրոֆիլային համալսարանի միջազգային զարգացման գծով Միջին Արևելքի ծրագրերի պատասխանատուի, իրանական «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենի հետ քննարկվել են համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները:

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում լինելով Մոսկվայում' Հարություն Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միության նախագծերի իրականացման հետ կապված:

Ստեղծվել է հանձնախումբ, որը մանրամասն աշխատել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վրա, և միության առաջարկները ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:

Ստեղծվել է «Երիտասարդական հարթակը», որտեղ միավորվել են երիտասարդ անկախ կինոգործիչներ: Այստեղ պատրաստվում են երիտասարդական լուրջ կինոնախագծեր:

Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների միության բյուջե, որ միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված այլ' նախապես ծրագրավորված:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել Կինեմատոգրաֆիստների միության և կինոյի տան բոլոր տարածքներում, որոնք շուրջ քսան տարի եղել են փակ դռներից այն կողմ:

Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել հոկտեմբերի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում: