ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության պետ Ալեքսանդր Շլիկին, ՀՀ ԱԺ ընտրություններում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության խորհրդական Ալեքսեյ Գրոմովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել միջազգային կառույցի առաքելությունը ընտրությունների դիտարկման ընթացքում և ներկայացրել մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Այդ համատեքստում Դավիթ Հարությունյանը կարևորել է Արդարադատության նախարարության մշակած ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը, որոնց ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ: