«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել:

Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ ոք չգիտի: Միայն պարզ է, որ նա ԱԺ ընտրություններից հետո մեկնել էր Հայաստանից: Հիմա չնայած կարճ ժամանակով վերադարձել է, բայց քանի որ գիրք գրելով է զբաղված, հանդիպումների համար ժամանակ չունի:

Մամուլին հասած տեղեկությունների համաձայն փակել է իր քաղաքական էջը: Հանուն անկեղծության նշենք, որ ոչ թե նոր է որոշել փակել այդ էջը, այլ այն երբեւէ չի էլ բացել վերջին տասը տարիներին: Ու չնայած ԲՀԿ–ի շնորհիվ նա ԱԺ երկու գումարման ժամանակ էլ կարողացավ պատգամավորի աթոռին նստել, սակայն դեռ չի նշանակում, որ Օսկանյանը քաղաքականության մեջ եղել է:

Ու հիմա ասել, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջն ու նոր շրջափուլի դուռ բացել իր առջեւ՝ մի փոքր ծիծաղելի է: Մյուս կողմից հասկանալի չէր, թե OՐO «դաշինքի» ֆարսի ժամանակ նա իրականում ինչ դերակատարում ուներ: Տպավորությունն այնպիսին է, որ թե՛ ինքը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ «դաշինքում» ընդամենը դիզայնի կամ ասենք՝ դաշինքի հապավումն ավելի մոգական դարձնելու համար էին հրավիրվել:

Ու թեեւ որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով այդ դաշինքում ներգրավված երեք բավականին ուժեղ անհատների ներկայությունը խոսում էր դաշինքի հզորության մասին, սակայն շատ արագ պարզվեց, որ նրանց շարքում հայտնված Օսկանյանն ու իր «Համախմբումը» նույնիսկ չեն կարողանում իրենց կուսակցության ներսում հավաքված կուսակիցներին համախմբել, էլ ուր մնաց դաշինքին ու հասարակությանը:

Այնպես որ, ասել, որ Օսկանյանը նոր է որոշել փակել դեպի մեծ քաղաքականություն տանող դռան ճանապարհը, սխալ է: Նա այդ ճանապարհով գնալու ոչ կամք, ոչ էլ ցանկություն երբեւէ չի էլ ունեցել, իսկ եթե անգամ մերթ ընդ մերթ հայտնվել է մամուլում, ապա միայն ոչ թե իր կամքով, այլ՝ ցույց տալու, թե ինքն իբր ակտիվ է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում