Երկար քննարկումներից հետո «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» տրանսֆորմացիա ապրած օրենքի նախագիծը ներառված է երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում, բայց հնարավոր է՝ տեղափոխվի կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ: Բոլոր առաջարկները հաշվի են առնվել, ՀՀԿ ֆրակցիայում փակ քննարկում է եղել, սակայն Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում, սկսած վերնագրից, չի անցել։ Նկատեք` վերնագրում բացակայում է «ընտանեկան բռնություն» եզրույթը, ավելացել է «համերաշխությունը», մնացել է այն, ինչ կա Քրեական օրենսգրքում: Ի դեպ, օրենքի «ամորձատման» աշխատանքը կատարել է Հրայր Թովմասյանը՝ նախագահականի հետ համաձայնեցված:
 
Ինչպես հիշում ենք ՝ Էդուարդ Շարմազանովը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե քանի որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, այդ իսկ պատճառով՝ վիճելի մի շարք դրույթներ կան, և պետք է քննարկեն կուսակցության ներսում խնդրահարույց դրույթները և նոր մոտեցումներ առաջարկեն: Թե հատկապես որոնք էին ՀՀԿ-ի համար խնդրահարույց համարվում, առայժմ չեն մանրամասնում, սակայն ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ՀՀԿ-ականներին հատկապես դուր չէր գալիս նախագծով վերապահված՝ կանանց տրվող ազատությունները: Այժմ կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկել, բացի Հրայր Թովմասյան-Դավիթ Հարությունյան զույգի փոխհարաբերություններից: Արդեն իսկ կարելի է պնդել, որ այս օրինագիծը դարձավ երկու հանրապետականի ամբիցիաների զոհը: Պայքարը ոչ այնքան հանրության կամ ԵՄ սրտով փաստաթուղթը վերաշարադրելու, որքան այնտեղ սեփական ձեռագիրը ներառելու և նախագծի հեղինակությունը ստանձնելու համար էր: Մյուս կողմից էլ, իհարկե, օրինագիծը խմբագրելիս անհրաժեշտ էր հաշվի առնել ոչ թե ավանդապաշտ՝ «քյառթու» հանրապետականների կոմպլեքսները, այլ օբյեկտիվ և հայկական իրականությունից բխող գործիքակազմը, որը այնքան էլ հստակ չէր ուրվագծվում օրինագծի նախնական տարբերակում:
 
Այստեղ, իհարկե, մեղավորը Դավիթ Հարությունյանն է, ով Թովմասյանին խոսելու տեղ է թողել՝ ներկայացնելով իրավական տեսանկյունից խոցելի նախագիծ: Արյդունքում՝ վերջին շրջանում բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի հարաբերությունները: Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Ընդ որում, նման իրավիճակ էր նաև այն ժամանակ, երբ Արդարադատության նախարար էր Հրայր Թովմասյանը: Եվ, թեև Դավիթ Հարությունյանը պնդում էր, որ իր հեղինակած օրինագիծն ընդունվելու է առանց փոփոխությունների, Հրայր Թովմասյանի մոտ այս անգամ էլ հաջողվեց ստվեր գցել կուսակցական ընկերոջ կոմպետենտության վրա: Գուցե այս քալով նախագահականը պատրաստում է Թովմասյանի բենեֆիսը՝ արդեն ՍԴ նախագահի պաշտոնո՞ւմ: Հարությունյանի պատասխանն ակնկալվում է ԱԺ-ում:
 
Ստելլա Խաչատրյան