Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այն համոզմանն է, որ Հայաստանը պետք է ազատ արձակի կալանավորված Սուրեն Խաչատուրովին, ով հայտնվել է ՌԴ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում ադրբեջանցի Թելման Իսմայիլովի պահանջով. «Միջազգային պայմանագրերի համաձայն, եթե քաղաքացու հանձնումը չի կատարվում, ինչը տեղի է ունեցել Թելման-Իսմայիլով-Սուրեն Խաչատուրով գործով, պետք է կալանավորված քաղաքացուն ազատ արձակել»,-Mediamall.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատուրովի պաշտպան Բաղդասարյանը:

 

Անդրադառնալով այս քրեական գործի մանրամասներին՝ նա նշեց, որ դեռևս 1996 թ-ից Սուրեն Խաչատուրովը մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք աշխատելու նպատակով, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, և նրա վերջին պաշտոնը, թեև չի եղել պետական, սակայն, Խաչատուրովին ընձեռել է որոշակի գործառույթներ՝ վերահսկելու այդ թվում նաև ադրբեջանցի Թելման Իսմայիլովի օբյեկտները: «Դրանցում մեր հայրենակիցը հատնաբերել է բազմաթիվ խախտումներ, իսկ Իսմայիլովը դրանք չբացահայտելու համար համար փորձել է հաշվեհարդար տեսնել Խաչատուրովի նկատմամբ: Նրա կնոջ նկատմամբ, նույնպես, հաշվեհարդար է տեսել, որի վերաբերյալ, ի դեպ, ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ Թելման Իսմայիլովն այդքանով, սակայն, չի բավարարվել, և ՌԴ-ում նրա տված ցուցմունքների հիման վրա հայտարարվել է հետախուզում մեր հայրենակցի նկատմամբ, ով առողջական շատ ծանր վիճակով տեղափոխվել էր Հայաստան:

 

Ըստ Բաղդասարյանի՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը փորձել է Խաչատուրովին հանձնել ՌԴ իրավապահ մարմիններին՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը.«Մեր պետությունն այստեղ խախտել է միջազգային եվրոպական կոնվեցիան, որն արգելում է հանձնել այն քաղաքացուն, ում առողջական վիճակը բավարար չէ, որպեսզի նա հանձնվի այլ պետությանը: Իսկ Խաչատուրովի առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ նա չի կարողացել անգամ ներկայանալ դատական նիստերին»,-ընդգծեց պաշտպանը՝ նշելով, որ կալանավորված քաղաքացու առողջական վիճակը գործի քննության ընթացքում պատշաճ ուշադրության չի արժանացել և հիմք է ընդունվել ՌԴ մի չինովնիկի գրություն, ով չլինելով բժիշկ, երաշխավորել է, որ Խաչատուրվի առողջությանը վտանգ չի սպառնա ՌԴ տեղափոխման ընթացքում:

 

Այս քրեական գործը հասել է ՄԻԵԴ, որն էլ, ըստ Բաղդասարյանի, վճռել է. «Եվրոպական դատարանը մեկ նախադասությամբ կասեցրել է Սուրեն Խաչատուրովի հանձնումը, և այժմ Հայաստանը պետք է ազատ արձակի նրան, քանի որ իր պահման առավելագույն ժամկետը լրանում է դեկտեմբերի 11-ին»,-խոսքը եզրափակեց պաշտպանը:

 

 Աղավնի Սուքիասյան