Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի հերքում, որ իշխանությունները թերացել են և չեն լուծել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները: «Իշխանությունները հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերում թերացել են և չեն ապահովվել արտաքին պայմաններ, չկան սոցիալական պաշտպանությունն ապահովող օրենսդրական լուծումներ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավորն՝ անդրադառնալով տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մատչելի տրանսպորտային միջոցների ապահովման հարցին:
Պատգամավորի դիտարկմամբ՝ պետք է տրանսպորտային միջոցները դառնան մատչելի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար և այդ նպատակով այժմ քննարկվում է օրենքի նախագիծ՝ նախատեսված հաշմանդամների տեղաշարժի, սոցիալական պաշտպանության և հարակից հարցերի լուծման համար. «Նախագիծը շուտով լինելու է, ընթանում են քննարկումներ, քննարկվել է սոցիալական հանձնաժողովում, կուսակցության ներսում, հասարակական կազմակերպությունների հետ»,-ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով, սակայն, այդ փոփոխություններն ու կոմպլեքս լուծումները հնարավոր չէ իրականություն դարձնել, քանի դեռ երկրում առկա է «գազելային քաղաքականություն»: «Նման պայմաններում դժվար է խոսել հաշմանդամների պաշտպանության մասին։ Անհրաժեշտ են տրանսպորտային այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հաշմանդամները չեն ունենա տեղաշարժման խնդիրներ։ Այո, քաղաքապետը և իշխող կուսակցությունն իրենց նախընտրական քարոզարշավին անդրադարձել ե այս հարցին։ Մենք շտապում ենք օրենքի նախագիծը ներկայացնել հանրության դատին, սակայն հասկանում ենք, որ պետք չէ շտապողականություն դրսևորել»,-ասաց նա։
Քննարկման մասնակից, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանն էլ, ի պատասխան Մարգարիտ Եսայանի, նշեց, որ հարցը միայն շտապողականության մեջ չէ. «Իմ առաջարկը քաղաքապետարանին՝ ստեղծել հատուկ բաժին հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով զբաղվելու համար, մերժվեց»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների համաշխարհային օր։