«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ: Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում: Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար:

Ռուդոլֆ Ղեւոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչեւ կրոնի հարցերի: Կրոնն ազգի համար անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեւից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան: «Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը: Անդրադառնում է նաեւ գյուղացու դարդուցավին ու նկատում. «Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»:

Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ զրուցել ենք նրա աղմկահարույց գնահատականների արձագանքների առիթով: Եվ ինչպես պարզ դարձավ, դրանց բացասական մեկնաբանությունները դերասանին ցավ էին պատճառել:

Պարոն Ղեւոնդյան, Ձեր վերջին հարցազրույցը շատ մեծ արձագանք գտավ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ունի հարյուր հազարավոր դիտում՝ 400 հազարից ավելի: Ձեր հնչեցրած սուր ու կծու գնահատականներից հետո հիմա շատերին է հետաքրքիր՝ ինչպե՞ս եք, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ էլ հրաշալի է: Շատ լավ է, ի՞նչ պիտի լիներ, որ:

Շատերն անհանգստանում էին ձեզ համար:

Չէ, թող ոչ մեկն էլ չանհանգստանա ինձ համար, ամեն ինչ լավ է, ընդունողը ընդունել է, չընդունողն այդպես էլ չի ընդունելու: Ես չգիտեի, որ իմ ժողովրդի վիճակն այդքան լավ է, ես էլ հիմարի պես ընկել, ամեն մեկի համար դոշ եմ տալիս: Դու մի ասա այնքա՜ն մարդ կա, որ իր համար լավ է, ու դեռ մի բան էլ նեղանում է, որ ճիշտն եմ խոսում, ճիշտն եմ ասում: Ինչ-որ հիմա մեկնաբանություններում կարդում եմ, ստացվում է, որ մարդիկ շատ գոհ ու երջանիկ են, նեղվում են, որ այդքան բացեիբաց խոսում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր նորություն էր: Ես գիտեի՝ համընդհանուր ինչ-որ դժգոհություն կա, համընդհանուր տհաճ երեւույթներ կան, պարզվում է մարդկանց համար բավական լավ է: Շատ ողջունելի է, շա՛տ:

Իսկ իշխանությունը, եկեղեցին, օլիգարխները որեւէ ձեւով ձեզ չե՞ն փորձել բացատրել, որ անթույլատրելի մտքեր եք արտահայտել, իրենց տեսանկյունից:  

Դուք գտնում եք, որ իրենք այդպիսի տեսանկյուն ունեն, որ անթույլատրելի մտքե՞ր եմ արտահայտում:

Դե նրանցից շատերին ձեր ասածները գուցե դուր չգային, շատերն իրենց կտեսնեին ձեր խոսքերում, ձեր քննադատությունը կհամարեին իրենց ուղղված:

Ով պետք է, ինչքան պետք է, հասկացել է, ոչ ավելին է պետք, ոչ պակասը: Ոչ էլ սպասեք, որ ինձ պետք է խփեն, կամ ես՝ մեկնումեկին: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորալ է, ամեն ինչ լավ է: Ես իմ մտքերն եմ արտահայտում բարձրաձայն: Ում սրտով չէ, դա արդեն իր պրոբլեմն է, իր մեղքն է: Ես ասել եմ այն, ինչ-որ ճշմարտությունն է:

Ձեր կարծիքով՝ այսօր գեղցին ու քաղքենի՞ն են մեր երկրում կարեւոր հնարավորությունների տիրապետում, որոշումներ կայացնում, նախանշում երկրի ընթացքը:

Դե գիտեք ինչ, քաղաքականությունից հեռու մարդիկ, կրթությունից հեռու մարդիկ, գաղափարապես զարգացածությունից հեռու մարդիկ, անպայման կոչվում են անդաստիարակ: Իրենք չեն կարող երկիր կառավարել: 100 հոգու մեջ կարող է 30 հոգին լինի իմ ասածին մոտ՝ խելքը գլխին, բայց այն 70-ը ում են պետք, ով է երբ ինչ խոսել, ով է երբ ինչ ասել: Ու կարեւոր ինչ է ասել: Չե՞ք տեսնում, որ խոսում են չորս, հինգ, վեց, յոթ, տասը, հոգի: Լավ՝ 15 հոգի: Էն մնացածը չի խոսել, չի էլ խոսելու, որովհետեւ ծվարել է ինքը իր համար, իր գեղցիությունը բրդելով, տակից մի տեղից գաջ է առնում, մի տեղից ցեմենտ է առնում, իր համար պալատներ է սարքում: ժողովուրդը կոտորվում է: Պայուսակներն առած, «բարդաններով», տատիները՝ խալաթները հագած, մեջքներին իրենց շալերը կապած, «դամաշնիկներով» փախչում են: Էդ իրենց դարդից է, որ փախչում են, թե չէ պրեզիդենտը ի՞նչ կապ ունի, թե չէ քաղաքապետը ի՞նչ կապ ունի: Ոչ մեկն էլ կապ չունի: Գեղցիներից է, որ փախչում են, որ իրենք էլ չգիտեն ո՛չ չափ, ո՛չ սահման: Մի խոսքով, ես ջղայնացա: Բավարարվեք, այսքանով, լա՞վ: Շնորհակալություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում