Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը:
Սաակաշվիլիին խուզարկելու են եկել ուկրաինական ուժայինները, և նա դեկտեմբերի 5-ին փակվել է Կիևում, ութհարկանի շենքի տանիքում և սպառնացել իրեն ցած նետել այնտեղից:
Քաղաքական գործչի ձերբակալման մասին «Громадське»-ի ուղիղ եթերում հայտարարել է նաև Գերագույն Ռադայի պատգամավոր Վիկտոր Չումակը, փոխանցում է ТАСС-ը:


«Страна»-ն գրում է, որ ձերբակալությունից հետո Սահակաշվիլիի տան մոտ ծեծկռտուք է սկսվել, պայթյունի ձայներ են լսվել: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները քաղաքական գործչի տուն են ներխուժել և խուզարկություն իրականացրել:


ՈՒԱԾ-ի ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայան «Интерфакс»-ի հետ զրույցում չի նշել, թե ինչ քրեական գործով է խուզարկություն իրականացվել Սաակաշվիլիի տանն՝ ընդգծելով, որ դրանով զբաղվում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը:

УНН-ի տվյալով՝ խոսքը Սաակաշվիլիի մասնակցությամբ բողոքի ակցիաների մասին է, որոնց ֆինանսավորումն իրականացնում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները: