Հանրապետականները վերջին օրերի առաջնային ապրանքների թանկացման պատճառները չգիտեն: «Ուղղակի պետք է համակերպվենք, որ էդ ապրանքների գինը կարող է թանկանալ կամ էժանանալ»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Թվում էր, թե Հայաստանում վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ամեն ինչ պիտի աներ, որ թանկացումներ չլինեն կամ գոնե քաղաքացին կարողանար դիմագրավել դրանց: Հակոբ Հակոբյանի տեղեկություններով վարչապետը չէր ուզում, որ ապրանքները թանկանան. Ըստ պատգամավորի, իհարկե տրամաբանական չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ են թանկանում, փոխարենը չեն բարձրացվում մարդկանց աշխատավարձերն ու թոշակները: Բայց մեր քաղաքացին կդիմանա.«Մեր քաղաքացին ոչ միայն պետք է դիմանա, մեր քաղաքացուն պետք չի դիմանալ, մեր քաղաքացուն հարկավոր է փոխել հոգեբանությունը, որ ինքն իր համար պատասխանատու է: Մենք ամեն մեկս մտածում ենք, որ պետությունն է պատասխանատուն, Ռուսաստանն է պատասխանատուն, մեկ ուրիշը»:
 
Ի՞նչ է ստացվում: Հանրապետական կուսակցությունը ընտրություններին մասնակցում էր աշխարհը փոխելու «սպառնալիքով», իսկ հիմա հանրապետականները, գիտակցելով, որ դա փոքր-ինչ վեր է նրանց ուժերից, բոլորը մի մարդու պես հոգեբան են դարձել և խորհուրդներ են տալիս ՀՀ քաղաքացիներին, առաջարկելով վերջիններիս փոխվել՝ ավելի քիչ պահանջներ ներկայացնել պետությանը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» հայտնի ասացվածքի ոգով: Ինչ խոսք, նման մոտեցումը որևէ աղերս չունի սոցիալական պետություն ասվածի հետ: Ընդ որում՝ հանրապետականներն, ինչպես երևում է՝ վստահ են, որ մեր ժողովուրդը կդիմանա սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակին, որը ձևավորվել է հենց իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Այո, այդքան էլ հեշտ չէ տնտեսական փլատակների վրա թագավորելը, քանզի դրանց տակ մնալու վտանգը միշտ առկա է: Թեեւ փախուստը եւս ճանապարհ է՝ ճիշտ պահին ընտրված: Իսկ աշխարհը շուռ տալու ժամանակները գուցե 100 տարի հետո կգան, գուցե՝ ոչ, բայց մենք դրա մասին չենք իմանա: Տպավորություն է, որ իշխանությունները հենց ժողովրդի համբերությունն էլ չափում են՝ հասկանալու համար՝ որքան կդիմանանք: Իրականում ժողովրդի դիմադրողականության գործակիցն այլեւս զրոյանում է, եւ դրա ապացույցը օդանավակայանում իրենց բախտավոր թռիչքին սպասող մեր հայրենակիցների աճող հերթերն են: Քանի դեռ ՀՀԿ-ում չեն գիտակցել, որ այսօր արձանագրված թանկացումները պետական քաղաքականությամբ են պայմանավորված՝ այդ հերթերը շարունակվելու են: Այդ դեպքում ՀՀԿ-ն ավերակներում ո՞ւմ է թագավորելու…
 
Ստելլա Խաչատրյան