ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որոնց աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:

«Հայկազ Բաղմանյանը զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով»,- նշեց նախարարը: 

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նման հորդորով դիմել է Բաղմանյանին, պաշտպանության նախարարը արձագանքեց. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումը»:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի ազատման մասին հրամանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին եւ Ստեփան Գալստյանին: