Տեղացած ձյունը դժվարացնում է Գյումրիում փողոցների մաքրման աշխատանքները: Աղ-ավազային մշակման են ենթարկվում հիմնականում լուսացույցների մոտ գտնվող հատվածները: Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: «Չնայած տեխնիկան պատրաստ է, բայց տեղումների պատճառով անիմաստ է տեխնիկա հանել: Տեխնիկայի մի հատվածը կենտրոնական հրապարակում է, մյուսը՝ ավտոպարկում: Ձյունը հենց դադարեց, դրանք գործի կդրվեն»,-նշեց Կնյազ Մանասյանը՝ փաստելով, որ 6 մեքենա ներկա պահին աղ-ավազային խառնուրդ է շաղ տալիս փողոցներում, իսկ անհրաժեշտության դեպքում երկրոդ անգամ է այդ գործողությունն իրականացվում: Պատասխանատուն նշեց նաև, որ անհրաժեշտության դեպքում մաքրող տեխնիկան նաև կաշխատի գիշերը, իսկ բանվորներն առավոտից մայթերն ու հրապարակները մաքրում են բահերով: