Հանրապետությունում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով գնաճը շարունակում է մոլեգնել, ու չնայած զանազան ՀՀԿ-ականներ փորձում են հասարակական լարվածությունը ցրել' վստահեցնելով, թե իբր նոր տարուց հետո այլևս գնաճը դարարելու է, սակայն, ակնհայտ է, որ դաժան պրակտիկան իրականում այլ բանի մասին է վկայում. մեծ է հավանականությունը, որ 2018-ին ևս անկառավարելի դարձած գնաճը շարունակական կլինի:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով գնաճին վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին' ասել էր, թե այն «հիմնականում պայմանավորված է այն խնդրով, որ մեր արտահանման տեմպերն ավելին են, քան մեր արտադրողների հնարավոր հզորությունների ավելացումը, ինչը խոսում է տնտեսական այլ զարգացումների մասին»' այսպիսով իրականում ոչ թե հարցին տալով հիմնավոր պատասխան, այլ հարցեր առաջացնելով։
Այսպիսով' ի՞նչ է ասում փոխվարչապետը: նա փաստացի ասում է, որ տոտալ գնաճը վկայում է Հայաստանի տնտեսական ակտիվության մասին. իբր արտահանման ավելացման պատճառով է, որ մի շարք առաջնային նշանակության ապրանքներ շուկայում գնային նոր ռեկորդներ են սահմանում: Ինչ խոսք' գուցեև նախարարն այս պարագայում ճիշտ է, ու գնաճն իրապես պայմանավորված է արտահանման ծավալների մեծացմամբ, սակայն այստեղ մեծ հարցն էլ այն է, թե որն է այս դեպքում պետության հինական գործառույթը: Եթե չենք սխալվում, կառավարությունը հենց այն բանի համար է, որպեսզի կարողանա տնտեսական պրոցեսները համակարգել այնպես, որպեսզի դրանք բնակչության գլխին դառնան ոչ թե չարիք, ինչպես այս պարագայում է, այլ իրապես նպաստեն առաջընթացին: Եթե մի կողմից արտահանումն է ավելանում, մյուս կողմից գնաճ մոլեգնում, իսկ մեկ այլ կողմից էլ Հայաստանը դառնում է ասենք ադրբեջանական կոնֆետների և կամ օտարածին հիբրիդացված ոչխարի մսի սպառման շուկայի, ապա ո՞րն է այստեղ գովելին, ի՞նչ է կարծում Գաբրիելյանը:
Ցավոք, Հայաստանը վերածվել է մի պետության, որտեղից բացի ուտելիքից այլևս գրեթե ոչինչ չի արտահանվում' չհաշված, իհարկե,որոշ բնական հանածոներ, ինչը խոսում է մեկ բանի մասին' տնտեսության անհեռանկարայնության: Արտահանում եք' արտահանե՛ք, հաջողություն ձեր գործերին, բայց բարի՛ եղեք նախքան այդ անելը գոնե որոշակիորեն ապահովել տեղական շուկայի պահանջարկն ու սատարել տեղկան արտադրողներին գոնե այնքան, որ կարողանան բավարար քանակությամբ արտադրանք տալ: Պետք չէ Հայաստանը դարձնել անհայտ ծագման սննդամթերքի սպառման շուկա. Զիմբաբվեից տարբերվելն էլ է լավ բան, համաձայն չե՞ք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ