«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթեւան ընտանիքների խնդիրը:

Երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին շարունակում է գոյություն ունենալ, քանի որ դրա արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:

Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2003 թվականը:

Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո նա հայտարարեց, թե աղետի գոտի չկա եւ վերջ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից խոստանում է հաղթահարել երկրաշարժի հետեւանքները:

«Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»,- այս խոսքերի հեղինակը նույն Սերժ Սարգսյանն է:

Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցի մոտ 4 հազար ընտանիք այսօրվա դրությամբ դեռ շարունակում է տնակներում բնակվել»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: