Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում մասնակցել է   1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվող հոգեհանգստյան կարգին, որից հետո հանդիպում է ունեցել գյումրեցիների հետ:

Վարչապետը նրանց հետ զրույցում նշել է, որ Կառավարության ողջ գործունեությունը միտված է երկրում աղքատության կրճատմանը: Նա նաև խոստացել է՝  Գյումրիում կյանքը որակապես փոխվելու է:  

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ ինքն ուրախ կլիներ, եթե վարչապետ Կարապետյանը կարողանար իրական փոփոխություններ մտցնել գյումրեցու կյանքում. «Խոսքս ռեալ փոփոխությունների մասին է: Դա իսկապես երազանք է, հակառակ պարագայում՝ միայն խոստումներին հավատալ՝ գյումրեցին էլ չի կարող. նմանատիպ խոստումներ, արդեն 20 տարի է՝ լսում ենք»: 

Diana -nkar gagik hambaryan

Դիտարկմանը՝ գյումրեցու կյանքի որակական փոփոխության համար Կարապետյանը նշել է՝ «անում ենք ամեն ինչ, որ բիզնեսը գա», Համբարյանը պատասխանեց. «Բիզնեսը Գյումրի չի գալիս: Այն Գյումրի կգա միայն այն դեպքում, երբ կառավարությունն արտոնություններ դա Գյումրիում բիզնեսով զբաղվել ցանկացողներին: Խոսքս հարկային դաշտում ներդրվող շատ մեծ արտոնություններն են, հակառակ պարագայում՝ բիզնեսմենները գիտեն, որ Գյումրիում գումար ներդնեն՝ դա կամ չեն վերադարձնի, կամ էլ կվերադարձնեն շատ ուշ»:

Հարցին՝ արդյո՞ք վարչապետի ուշադրության կենտրոնում հայտնված Կումայրի թաղամասը վարակիչ օրինակ չի կարող դառնալ ներդրողների համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասենք թե՝ վարչապետը շատ փող ունի և ներդրում է արել Կումայրի թաղամասում, դրանից ի՞նչ օգուտ է ստացել շարքային գյումրեցին, ի՞նչ օգուտ են դրանից ստանալու ամեն օր ավտոբուսներով Գյումրիից արտագաղթող մեր քաղաքացիները: Ես դեռ այդ օգուտը չեմ տեսնում»,-ասաց Համբարյանը՝ նշելով, որ եթե աշխատատեղեր չստեղծվեն Գյումրիում, անգամ մեծ ցանկության դեպքում էլ Կառավարության գործունեությունն արդյունք չի տա և կստացվի, որ Կարապետյանը պարզապես փող է ներդրել մեռյալ բիզնեսում:   

Աղավնի Սուքիասյան