Նոյեմբերի 24-ից հետո գործող իշխանությունն ամեն կերպ փորձեց հրամցնել բոլորին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ մեկտեղվում է ՀՀ վարած քաղաքականությունը «և-և» սկզբունքի մեջ: Այդ կերպ վերջիններս ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ շրջանակային կոնվենցիան գրեթե հավասար է ասոցացման համաձայնագրին, ինչն իրականում այդպես չէ, և պրոպագանդվող ամենամեծ ստերից մեկն է:
 
Այս ֆոնին հետաքրքիր է արևմտամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը, մասնավորապես՝ ԵԼՔ-ի: Բանն այն է, որ ԵՄ հետ համաձայնագրին միանալու քայլն ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ։ «Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով Եվրոպայում չէին նայում, թե հայերն ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին՝ Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում օրերս հայտարարել է Արամ Զավենիչը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ նա, ով պնդում է, թե իշխանությունները «և-և»-ի քաղաքականություն են իրականացրել, պարզապես ստում է. այդ քաղաքականությունը կլիներ, եթե Հայաստանը դեռեւս 2013 թվականին ստորագրեր ասոցացման համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի կարելի դա ներկայացնել իբրեւ մեծ ձեռքբերում։ Հայաստանն առանց այդ համաձայնագրի էլ կարող է իրականացնել կոռուպցիայի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում բարեփոխումներ, եթե կա ցանկություն։
 
Ակնհայտ է, որ ԵԼՔ դաշինքի առանցքային գործիչներից՝ Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը նույն հարցի վերաբերյալ ամբողջովին տարբեր մոտեցումներ են դրսևորում, և սա տպավորություն է ստեղծում, որ դաշինքի ներսում տարաձայնություններ կան շրջանակային համաձայնագրի մեկնաբանման վերաբերյալ, դրանից բացի՝ դաշինքի ներսում կա մի հատված, որն այս առումով գովաբանում և ողջունում է իշխանությանը, աջակցելով իշխանական քարոզչամեքենայի աշխատանքներին, ստեղծելով տպավորություն, որ շրջանակային համաձայնագիրը գրեթե նույն ասոցացման համաձայնագիրն է:
 
ԵԼՔ-ում նման տարաձայնություններ էին նաև ԵԱՏՄ անդամակցության դադարեցման թեման թեժացվելու պահին: Կես ամսվա ընթացքում հանրային դաշտ էր նետվել ԵԼՔ դաշինքի միանգամից երկու հակասական տեսակետ՝ նույն թեմայի վերաբերյալ։ Այն ժամանակ էլ բախվել էին Մարուքյանի ու Սարգսյանի կարծիքները։ Սարգսյանը պնդում էր, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դնելն իրատեսական չէ, քանի որ ԵԼՔ-ը խորհրդարանում ներկայացված է 9 պատգամավորով: Եթե իրատեսական չէր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը, ապա ինչո՞ւ էր Մարուքյանը հրապարակային կոչով հանդես գալիս։ Օրինակ՝ Արամ Սարգսյանի հարցազրույցից երևում է, որ վերջինս տեղյակ չէ, թե ինչ է շահելու ԵԼՔ-ն այդ գործընթացից, բայց արդյոք ԵԼՔ-ում չէի՞ն մտածել այս «մանրուքների» մասին՝ նախքան հայտարարություն տարածելը։
 
Արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը: Եթե ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ԵԼՔ-ի երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը: Արդյունքում՝ վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա:
 
 
Ստելլա Խաչատրյան