Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Վերահսկիչ պալատի 2018թ. գործունեության ծրագիրը: ՎՊ գործունության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 7 պատգամավոր:

Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծում առանձնացված են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսվում է իրականացնել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: 2018 թ. գործունեության ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը: