ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախնական գնահատականով՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում հատված  28 ծառի դեպքն անօրինական չէ: Բնապահպահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իհարկե խուսափել է նշել, թե ով է տարածքի սեփականատերը: Դրա համար հարկ ենք համարում նշել, որ ծառերը նախկին հանրային այգու տարածքում են եղել, որը հետագայում սեփականաշնորհվել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի կողմից: «Դեյզի» անունը կրող այգու սեփականատերը Ռուբեն Գեւորգյանի դուստրն է՝ Արմենուհի Գեւորգյանը: Այգու տարածքում ծրագրված է կառուցապատում իրականացնել:

Թերևս բոլորն էլ կհիշեն ծառահատման դեպքը, որը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին՝ նույն համայնքում: Այն ժամանակ արձագանքը եղավ կոշտ՝ նախագահի մակարդակով, ում անունից տարածված հաղորդագրության մեջ դեպքն անվանվեց վանդալիզմ և նշվեց, որ այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն.Պատասխանատվության ենթարկվողի բախտը չէր բերել այնքանով, որ նա որևէ հայտնի օլիգարխի կամ իշխանական կլանին մոտ կանգնած ֆեոդալի խնամի-ծանոթ-բարեկամը չէր, ծառերն էլ հատել էր ոչ թե սեփական բիզնեսն առաջ տանելու, այլ ջեռուցման հարցը լուծելու համար: Իհարկե չենք արդարացնում, սակայն ակնհայտ է գնահատականների տարբերությունը: Կասեք՝ սեփականությունն է, ինչ ցանկանում է, այն էլ անում է: Նույն տրամաբանությամբ՝ պետական գերատեսչությունների, կամ, օրինակ, Զվարթնոցի սեփականատերը պետք է հայտարարի՝ «իմ գույքն է, ինչ ուզում՝ անում եմ, կուզեմ՝ հողին կհավասարեցնեմ»: Իսկ ո՞ւր մնաց այդ դեպքում պետության վերահսկողական գործառույթը, թե՞ այն գործի է դրվում միայն հասարակ մահկանացուների նկատմամբ: Ստացվում է՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի խիստ հանձնարարականները զրո են, երբ խոսքը վերաբերում է «Ծաղիկ Ռուբոների» բիզնես տիրույթին:

Ստելլա Խաչատրյան