«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 6-ին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գալստյանի քեռու որդուն՝ Կարենին, որը, սակայն, ավելի հայտնի է Չորրորդ գյուղի Ջոնիկ անունով:

Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է գումարային հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունը: Ջոնիկը պարտքով մոտ 15 հազար դոլար է տվել հորաքրոջ որդուն: Վերջինս չի կարողացել վերադարձնել, եւ տհաճ խոսակցությունն ավարտվել է սպանությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից հետո իրավապահները բացահայտել են՝ Կարենը լքել է երկիրը: Նրա դատարկ մեքենան հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է միայն «ԱԿՍ» մակնիշի ինքնաձիգը, որով էլ, հավանաբար, կատարվել է սպանությունը»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: