«Բատկիվշչինա» ՀԿ առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն զուգահեռներ է անցկացնում «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի եւ իր կալանավորման միջեւ, ինչպես նաեւ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջում է Սաակաշվիլիին ազատել:

«Ես հասկանում եմ, որ Միխայիլ Սաակաշվիլիին գլխավոր դատախազը, դատարանը, որեւէ այլ իրավապահ կառույց չի նստեցրել: Նրան հենց դուք եք նստեցրել: Այդ պատճառով էլ հենց ձեզ եմ դիմում՝ անմիջապես չեղյալ համարեք ձեր բոլոր հրամանները: Ամբողջ աշխարհի եւ սեփական ժողովրդի  աչքերում Ուկրաինան մի խայտառակեք: Սաակաշվիլիին անհապաղ ազատ արձակեք»,- նշված է դեկտեմբերի 9-ին Պորոշենկոյին հղած Տիմոշենկոյի ուղերձում, փոխանցում է «Տելեգրաֆը»:

Նա հիշեցրել է արդեն տեղի ունեցած համանման իրադարձությունը. «Պարոն նախագահ, ձեր հիշողությունը կորցրել եք: Դուք մոռացել եք, որ այնպես, ինչպես եղավ Սաակաշվիլիի կալանավորումը, արդեն եղել է»:

Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահության 4-րդ տարում Պորոշենկոն դարձել է միաժամանակ նախագահ, դատախազ, խորհրդարան, կառավարություն, դատարան եւ բոլոր հեռուստաալիքների գլխավոր պրոդյուսեր: «Եվ հիմա դուք ճաղերի հետեւում եք գցում ձեր ընդդիմախոսներին, ինչպես անում էր Յանուկովիչը: Հիշեք, թե ամեն ինչ ինչով ավարտվեց»,- նշել է քաղաքական գործիչը:

Մ. Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան: Նրան մեղսագրվող Ուկրաինայի ՔՕ 256 հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր կազամակերպությունների անդամներին աջակցություն եւ հանցավոր գործունեության պարտակում) նախատեսվում է 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում: