Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկված «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ վթարի ենթարկված մեքենան իրենն է և ինքն էլ ներկա է եղել դեպքի վայրում:

«Իմ մեքենան է վթարի ենթարկվել, որի հետևանքով վնասվածներ եմ ստացել, բայց այս պահին ամեն բան նորմալ է, որոշ ժամանակ է հարկավոր կազդուրվելու համար: Արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից: Մյուս տուժածների առողջական վիճակը ևս լավ է և բոլորն էլ արդեն իրենց տներում են»,- ասաց Բեքարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը:

Սոնա Հարությունյան