ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցեց տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին: Նախագահը կոշտ քննադատության ենթարկեց մարզպետների աշխատանքը, փաստացի՝ հենց նրանց մեղադրելով մարզերում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Սերժ Սարգսյանը համայնքապետերից պահանջել է զարգացման ծրագրեր՝ հիշեցնելով, որ մարզի զարգացման պատասխանատուն մարզպետն է, համայնքինը՝ համայնքապետը: Խոսքի վերջում Սերժ Սարգսյանը լավ աշխատելու պահանջ է դրել համայնքապետերի առաջ և նախատել նրանց. «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ»,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր լավ չեն աշխատի, ներման չեն արժանանա, ներողամիտ լինելու ժամանկաներն անցել են. «Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի»:
Ավելորդ է ասել, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքականության, ՏԻՄ համակարգը «տոկոս խփող» ինստիտուտի վերածելու հետևանքով` իշխանության այս հատվածից դուրս են մնացել պարկեշտ, իրապես մենեջերական ու գործարար ջիղ ունեցող մարդիկ: Քաղաքացիական գիտակցություն, արժանապատվություն ունեցող մարդկանց համար իսկապես անպատվաբեր է նման որակի իշխանության հետ նույնանալը, առավել ևս` կոռուպցիոն բուրգում որևէ կարգավիճակ ունենալը, որտեղ Սերժ Սարգսյանի մատնանշած «ավելին` ավելիի» դիմաց բանաձևը գործածվել է ոչ թե համայնքապետի գործնական որակների, այլ ծառայամտության խրախուսմանը: Ի՞նչ է այսօր փոխվել. Սերժ Սարգսյանն այլևս չունի՞ տոկոս խփող և ձայն բերող ծառայամիտ մարզպետների և համայնքապետերի կարիքը, թե՞ իրականում փոխվում են իշխանության կողմից իրերին և երևույթներին տրվող գնահատականները: Մարզպետների և համայնքապետերի մեծամասնությունը Սերժ Սարգսյանի կուսակից ընկերներն են և տարիներ շարունակ հանուն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձայներ են ապահովել՝ դիմելով ամենավերջին կեղծիքների, ճնշումների:
Իսկ այժմ Սերժ Սարգսյանն անխնա զոհաբերում է թիմակիցներին: Հայաստանում այլևս չի նախատեսվում անցկացնել նախագահական ընտրություններ: Այն ժամանակ իշխանությունները պարզապես ստիպված էին նյութական և ֆինանսական ռեսուրսով բոլորին պահել և ծառայեցնել նախագահական ընտրության նպատակներին, այն է՝ տոկոս խփելուն: Այժմ գերագույն մանդատը պառլամենտական է, և այն ձևավորվում է ռեյտինգայինների ընտրակարգով: Ըստ այդմ, ՏԻՄ ռեսուրսն այլևս պետք չէ և դառնում է երկրորդական: Մարզպետներից և համայնքապետերից իշխանությունը կախվածություն չունի, հետևաբար, կարելի է նաև ներքին լսարանի առջև դիվիդենտներ հավաքել կամ ստեղծել կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի իմիտացիա: Իսկ ինչո՞ւ ընդամենը իմիտացիա՝ որովհետև ելույթները որևէ բան փոխել ի զօրու չեն, խնդիրն այլ է, և այն առավել քան խորքային է: Խոսքը ռեսուրսների խիստ անհամաչափ եւ անհավասար բաշխման մասին է: Որովհետեւ սխալ է պետական կառավարման կառուցվածքն, ու ցածր են թե՛ կառավարման, թե՛ աշխատանքի բաժանման, քաղաքական պատասխանատվության, հանրային վերահսկողության եւ տնտեսական արդյունքի բաշխման համակարգերը, ցածր է առկա իրավիճակում մասնագիտական ընդդիմախոսության, հետեւաբար՝ խնդիրների մասին նաեւ հանրային պատկերացումների աստիճանը, ինչն էլ իր հերթին իշխանությանը տալիս է խնդիրները «խոր թաղելու», իսկ ծագած աղմուկի դեպքում էլ դրանք շատ արագ կառավարելու եւ մարելու հնարավորություն:
Ստելլա Խաչատրյան