Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում Հայաստանի քաղծառայության խորհդի ղեկավար Մանվել Բադալյանը բավական ուշագրավ տվյալներ էր ներկայացրել, որոնք այնքան էլ հուսադրող չեն. ի թիվս այլ հարցերի` Բադալյանը խոսել էր նաև քաղծառայության մրցույթների վերաբերյալ ու մեջբերել բավական տարօրինակ թվեր, որոնք, սակայն, բանախոսի համոզմամբ, միանգամայն օբյեկտիվ են: Մասնավորապես` ըստ բանախոսի` կազմակերպված մրցույթներից 13%-ում հաղթողներ չեն եղել, մոտ 13%-ի չափով էլ մրցույթներ չեն իրականացվել, քանի որ մասնակիցներ չեն եղել: Այստեղ հետարքրականն այն է, որ որպես նման պատկերի պատճառ Բադալյանը համարել է ոչ միայն մասնագետների թվացյալ բացակայությունն, այլև, որ է՛լ ավելի կասկածելի է հնչում, շատ պաշտոնների անպետքությունը. դրանք, ըստ նրա, այլևս անհրաժեշտ չեն:

Ընդհանրապես, Հայաստանում քաղծառայության ինստիտուտի ներդրման օրվանից համակարգի նկատմամբ հասարակական վստահությունը մշտապես գտնվել է գրեթե զրոյական մակարդակի վրա: Թե ինչու, երկար-բարակ պատմել պետք չէ. այն արդյունք է երկրում մոլեգնող կոռուպցիայի ու կաշառակերության: Սակայն այստեղ ուշագրավը Բադալյանի բերած փաստարկի մերկապարանոց լինելն է: Ի՞նչ է ասում Բադալյանն: Ասում է, որ մրցույթներ չեն լինում, որովհետև դիմորդներ չկան: Անմիջապես հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների թվի առատության ցուցանիշով տարեցտարի նորանոր ռեկորդներ սահմանող երկրում, ուր նորմալ աշխատանքին բնակչությունը պարզապես «կակա» են ասում, մարդիկ բաց թողնեն աշխատանք ունենալու հնարավորությունն այն պարագայում, եթե դրանք, ինչպես բազմիցս պնդել է Բադալյանն, արդար են: Եթե ամեն բան «հալած յուղի» պես է, ապա ինչո՞ւ մարդիկ չեն շտապում պաշտոնավորներ կամ պետական ոլորտի աշխատողներ դառնալ: Ի՞նչ է` նրանցից ամեն մեկը 3-4 տեղ է աշխատո՞ւմ, թե՞, պարզապես, չի ցանկանում առավոտյան մի փոքր վաղ արթնանալ ու տնից դուրս գալ: Ակնհայտ է, չէ՞, որ եթե մարդիկ գոնե մի փոքր վսահեին քաղծառայության համակարգին, երբեք սեփական շանսը բաց չէին թողնի ու գոնե իրենց բախտը կփորձեին: Եվ ուրեմն` խնդիրը ոչ թե պաշտոնների անպետքությունը կամ մասնագետ չլինելն է, այլ մեկ պարզ բան` հասարակական վստահության պակասը: Ով չգիտե, որ շատ հաճախ ամեն բան որոշված է լինում դեռ էն գլխից, իսկ քաղծառայության քննություններն էլ յուրատեսակ շիրմա են դառնում` ասենք Արևմուտքի աչքերին թոզ փչելու համար. իբր Հայաստանն էլ է քաղաքակիրթ Դանիա, ու այստեղ նույնպես լավ մասնագետն անգործ չի մնում: Հիմարությո՛ւն: Ո՛չ Դանիա ենք ու ո՛չ էլ Նորվեգիա. արևելյան կոռումպացված պետական համակարգ ունեցող երկիր ենք, ուր ժողովրդավարական գործիքներն ուղղակի չեն գործում, և այս իմաստով Մանվել Բադալյանի կողմից ղեկավարվող ոլորտը բնավ բացառություն չէ:

Միտք` իսկ ի՞նչ, եթե առհասարակ վերացնենք «քաղծառայություն» կոչվածը, չէ՞ որ այն սովորական բուտաֆորիա է: Բայց մի րոպե, իսկ Մանվել Բադալյա՞նը, մարդը հո անգործ չի մնալու…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ