Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ՝ Կառավարության առաջարկով: 

Արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ ներկայացրին, նախագիծն էական առաջընթաց էր պարունակում և փաթեթից եկող առաջարկների մի մասը բիզնեսից են գալիս: «Մենք առաջարկել ենք օրենքի փաթեթը, որ խաղի հստակ կանոններ սահմանվեն, բայց եթե պահ գա, որ կարող ենք բարելավել, պետք է բարելավվի»,-ասաց նախարարը: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ արտահերթ նիստին ընդգրկված բազում հարցեր կան. «Դեկտեմբերի կեսին կառավարությունը հիշում է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք պետք է ընդունվեն, ամեն տարի այսպես է լինում, բայց նման կերպ չի՛ կարելի: Դաստաներով այս օրենքները գալիս են՝ մտնում խորհրդարան, նո՞ր է հիշում կառավարությունը»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պարզաբանեց, որ այն օրենքները, որոնք հնարավոր չէ մեկ արտահերթի ընթացքում քննարկել, չեն բերվի օրակարգ և կտեղափոխվեն  դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստ. «Շատ մանրամասն աշխատել ենք կառավարության հետ, այնպես չէ, որ մեխանիկորեն ենք մոտեցել հարցերին»,-շեշտեց ԱԺ նախագահը։