Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով քաղաքացու բողոքին, թե hայաստանյան շուկայում վաճառվում է պլաստիկե բրինձ:

Նախարարը նշեց, որ իրեն ևս մտահոգում է այդ հարցը. «Մեզ չի կարող դա չմտահոգել: ՍԱՊԾ-ն այժմ մոնիտորինգ է իրականացնում, ամբողջ խմբաքանակն ուղարկվել է ստուգման»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օրեր առաջ լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգում էր՝ Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ: Նա բրնձի տհաճ հոտի և պամելոյի  մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոք էր ներկայացրել ՍԱՊԾ՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կասկածելի բրինձը։ Այդ բրինձը Հայաստան է ներմուծվել ՌԴ-ից, ներմուծող ընկերությունը «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ն է, որի պահեստից ՍԱՊԾ աշխատակիցները հայտնաբերել էին 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: