Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցի հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ այս նախագիծն, ըստ էության, բյուջետային աջակցություն է. «Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում»,-ասաց փոխնախարարը:

վերջինիս խոսքով՝ Հայաստանն Ասիական բանկից ստանալու է 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ որպես վարկի մարման համար ընտրված վերջնաժամկետ՝ սահմանվել է մինչև 2031 թվականը: «Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թվականի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի, 3 տարին՝ արտոնյալ»,-ասաց փոխնախարարը: 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիմնական զեկուցողից հետաքրքվեց՝ կա՞ հստակ ծրագիր, որի վրա ծախսվելու է այդ գումարը:

Փոխնախարարը նշեց, որ 40 հազար ԱՄՆ դոլար վարկով Կառավարությունը որևէ ծրագիր չի իրականացնելու և դրանով էլ հենց բյուջետային աջակցության վարկը տարբերվում է մյուս վարկային ծրագրերից:

«2019 թվականից այլևս Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկեր չի ներգրավելու և անցնելու է նպատակային վարկերի ներգրավմանը»,-ասաց փոխնախարարը: