Դեկտեմբերի 12-ին Մամուլի ազգային ակումբում կայացավ Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտի մամուլի ասուլիսը, որտեղ հնչած մի շարք դիտարկումներ արժանի են ուշադրության, հաշվի առնելով այն դերը, որն այսօր պաշտոնական Փարիզը ցանկանում է խաղալ տարածաշրջանում և առաջին հերթին իհարկե՝ Հայաստանում:
 
Ինչպես և ակնկալվում էր, դեսպանը ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ դրանից նաև ԵՄ-ն օգուտներ կքաղի: Լաքոտն իհարկե նկատի ուներ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ հնարավոր կամրջվելը, ինչին Եվրոպան և մասնավորապես Ֆրանսիան մշտապես ձգտել են: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր նաև կարևոր ազդակ է հղում Հայաստանին՝ բաց տեքստով ակնարկելով, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը քաղաքական հավասարակշռության երաշխավորման, հետևաբար՝ Հայաստանի անվտանգության երաշխիքների բարձրացման համաձայնագիր է: Ընդ որում, հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանը չի խոսում բովանդակային մասից, քանի որ գործնականում խնդիրը միշտ էլ դիտվում էր առավելապես համաձայնագիր ունենալը, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության գոնե նվազագույն աստիճանի հարցում համոզված լինելը: Հիշեցնենք՝ Ֆրանսիան ավանդաբար եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, և շատ հաճախ՝ հենց հայ-ֆրանսիական հարաբերությունների շնորհիվ են հաղթահարվել այն կնճիռները, որոնք առաջացել են Հայաստանի և Եվրամիության միջև: Խոսքը հատկապես վերաբերում է 2013-ին, երբ Հայաստանն, ըստ էության, վերջին պահին հրաժարվեց ստորագրել Ասոցացման պայմանագիրը:
 
Դեսպանի հնչեցրած շեշտադրումները կարևոր են հատկապես Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարվելիք այցի համատեքստում:Մոտավորապես՝ ուրվագծվում, պատկերվում է այն հեռանկարը, որը Ֆրանկոֆոնիան բացում է Հայաստանի համար: Սակայն գագաթնաժողովի անցկացումը Երևանում՝ գործընթացի միայն արտաքին կամ տեսանելի կողմն է: Դրա քաղաքական, քարոզչական էֆեկտը կարճաժամկետ կլինի, եթե Հայաստանն իրապես իր ներքին բարեփոխումներում չառաջնորդվի սկզբունքներով, որոնք առանցքային, հիմնարար են Ֆրանկոֆոնիայի համար: Նույնը կարելի է ասել նաև Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի պոտենցիալի, ընձեռած հնարավորությունների, հեռանկարների մասին: Ֆրանսիայի դեսպանն այսօր փաստեց, որ գնդակը Հայաստանի դաշտում է, և մեր հասարակությունը, քաղաքական ուժերը հետևողական պետք է լինեն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, քաղաքական, տնտեսական համակարգերի արդիականացման գործընթացում:
 
 
Ստելլա Խաչատրյան