Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:

Խորհրդակցության ավարտին Աշոտ Ղուլյանը հայտարարել է դեկտեմբերի14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ հերթական լիագումար նիստ գումարելու մասին: