Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այդ այցը տեղի է ունենում Վիգեն Սարգսյանի շուրջ այնպիսի զարգացումների ֆոնին, որոնք զգալի ավելացրել են Պաշտպանության նախարարի քաղաքական հաշվեկշիռը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը ՊՆ հայկական սպառազինության փակ ցուցադրության է գնում այն բանից հետո, երբ այդ սպառազինության ցուցադրություն Արցախում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում: Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի երեկվա այցը հստակ ուղերձ էր, որ նա շարունակում է մնալ ներիշխանական վերադասավորումներում առաջին դեմքի առանցքային հավակնորդներից մեկը: Կարապետյանի այցը Սերժ Սարգսյանի սրբության սրբոցը համարվող ՊՆ՝ փորձ էր՝ ցույց տալ, որ անվտանգության ոլորտում Կարապետյանը նույնպես դերակատարում ունի, այլ հարց է՝ որքանով է այդ փորձը հաջողված: Բանն այն է, որ Հայաստանի Երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահներն ուղղակի առնչություն ունեն Ղարաբաղյան շարժման, պատերազմի հետ:

Սա մեր քաղաքական իրականության հիմնական առանձնահատկությունն է, որն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ավելի կարևոր է համարվել, քան ընտրությունների և իշխանության որակը, մրցակցությունը, սերնդափոխությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ունեն բազմաթիվ տարբերություններ և համեմատելի չեն քաղաքական կամ մարդկային կերպարներով, սակայն երեքն էլ արդյունավետ ղեկավարներ չեն եղել՝ ժառանգություն թողնելով չլուծված ու խորացող պրոբլեմներ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Ղարաբաղի հարցով Տեր-Պետրոսյանը եկել է իշխանության, նույն հարցով նրան «հաղթել» է Ռոբերտ Քոչարյանը, ում համար Կարեն և Ստեփան Դեմիրճյանները՝ չնայած մեծ հեղինակությանը, լուրջ այլընտրանք չէին, որովհետև պետության համար ամենասկզբունքային՝ ԼՂ խնդրում, չունեին տեսակետներ: Նման իրավիճակում է այսօր գտնվում նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը բավական աշխույժ է տնտեսական, կառավարչական հարցերում, հայտարարել է անգամ «արտակարգ դրության» աշխատանքային ռեժիմ, բայց հանրությանը եւ աշխարհաքաղաքական կենտրոններին ծանոթ չէ Արցախի խնդրի վերաբերյալ նրա հայեցակարգային որեւէ պատկերացում: Դուրս մնալով քաղաքական էլիտայի կողմից գծված անվտանգության հայեցակարգից, Կարեն Կարապետյանն այժմ փորձում է լրացնել այդ բացը:

 

Ստելլա Խաչատրյան