Այս օրերին դիտվում է տարվա լավագույն հոսքերից վերջինը՝  Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը։ Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի 13-14-ի գիշերը' ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ են: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում:

Այն առաջին անգամ դիտել են մոտ 150 տարի առաջ:

Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ: Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը' Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս' թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: