Գավառ քաղաքի հիմնախնդիրների, Կառավարության հետ համագործակցության, ներդրումային քաղաքականության և Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերին ուղղված դիտարկումների վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ.
 
-Պարո՛ն Մարտիրոսյան, որո՞նք են Գավառ քաղաքի հիմնախնդիրները, 2017թ.-ը կատարողանի ի՞նչ ցուցանիշով եք ավարտում:
 
-Գավառ քաղաքի համար շարունակում է հիմնախնդիր մնալ աշխատատեղերի բացակայությունը, երբեմնի արդյունաբերական քաղաքը, որտեղ գործել է միայն 14 գործարան ու արտադրամաս, այսօր աշխատատեղերի լուրջ խնդիր ունի: Գավառի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է, որի կազմակերպման համար հիմնախնդիրներ են հանդիսանում ոռոգման ընդհանուր ցանցի բացակայությունը և ջրարբիացումը: Ճիշտ է, վերջին տարիների ընթացքում այս ուղղություներով աշխատանքներ կատարվել են, սակայն մասնակի ջրարբիացվել են որոշակի արոտավայրեր, իսկ «Գյուղատնտեսության աջակցության» ծրագրով ոռոգման սեղոնից 40 հա տարածք Արծվաքարում կոռոգվի:
 
Քաղաքի համար հիմնախնդիր է փողոցների ջրահեռացման համակարգի բացակայությունը, ինչը խնդիրներ է առաջացնում բարեկարգ փողոցների պահպանման առումով: Հիմնանորոգման խնդիր կա ներհամայնքային փողոցներում: Համայնքում քիչ են ժամանցի վայրերը:
 
Թվարկված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ Գավառի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում համայնքում ներդրողներ գտնելու, բյուջեի միջոցներով աշխատանքներ կատարելու համար, սակայն բյուջեի սղության պատճառով հնարավոր չի լինում այսօրինակ գլոբալ խնդիրների լուծում տալ:
2017 թվականին, այսօրվա տվյալներով՝ ապահովվել է 92,5% կատարողական, որից սեփական եկամուտներինը կազմում է 83,5%:
 
-Սեփական եկամուտների հավաքագրման առումով ի՞նչ ցուցանիշ եք արձանագրել՝ հաշվի առնելով Նախագահ Սարգսյանի դիտարկումը, որ այսուհետ համայնքները պետբյուջեից կստանան ավելին ավելիի դիմաց, այսինքն՝ այնքան գումար, որքան հավաքել են:
 
-Սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացվում են տարաբնույթ աշխատանքներ: Հանդիպումներ են կազմակերպվում բնակիչների հետ, ներկայացվում է հավաքագրման բավարար արդյունք ապահովելու դեպքում համայնքում նախատեսվող ծրագրերի իրականացումը և դրանից բխող լավ հետևանքները:
Համայնքի ու բնակիչների համար կատարված աշխատանքներում շեշտադրվում է եկամուտների հավաքագրման գործոնը:
 
-Գավառ քաղաքում իրականացվո՞ւմ են արդյոք ներդրումային ծրագրեր, եթե այո՝ ըստ նախնական արդյունքների՝ որքա՞ն գումար կարող են այդ ծրագրերն ուղղորդել քաղաքի բյուջե և ինչ ժամկետներ կարող եք նշել դրանց համար:
 
-Բիզնես ոլորտում՝ համայնքում, ցավոք, ներդրումներ չեն եղել. 2018-ին նախատեսում ենք գտնել գործարարներ, մասնակցության հայտեր ներկայացնել համապատասխան ծրագրերին` այդ բացը լրացնելու համար:
 
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին համայնքապետերի հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եռապատկելու մասին: Որպես Գավառի քաղաքապետ, որքանո՞վ եք դա իրատեսական համարում և ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրագործել այդ ուղղությամբ:
 
-Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված՝ ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի եռապատկմանը, կարող եմ ասել, որ ասվածն ունի իրատեսական հիմքեր և մեր ապագա գործունեությամբ պետք է անենք հնարավորը՝ դա ապահովելու ուղղությամբ: Իսկ քայլերի հաջորդականությունը կպայմանավորվի ընթացիկ համատեղ աշխատանքով:
  
Նախագահ Սարգսյանի ելույթում ո՞րն էր ամենակարևոր մեսիջն՝ ըստ Ձեզ:
 
- ՀՀ նախագահի ելույթում ամենակարևոր ուղերձն այն էր, որ այսուհետև համայնքի ղեկավարները պետք է առավել զգոնությամբ իրականացնեն համայնքի կառավարումը:
 
 
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի