ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Գյուղական ֆինանսավորման կառույցի 2018 թվականի բյուջեի և պահպանման ծախսերի, 2017-2018 թթ. գնումների պլանը: Զեկուցվել է, որ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 16 համայնքներում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում «Ֆինանսավորման փաթեթների մշակում և դրանց տրամադրման նախնական միջոցառումների իրականացում, ֆերմերների իրազեկում մշակված փաթեթների վերաբերյալ և համապատասխան գյուղատնտեսական ու ֆինանսական թեմատիկ ուսուցման իրականացում» մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը: