ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն է խոսել ու կիսվել սեփական խոհերով` կապված վերջին օրերին Հայաստանում աշխուժորեն քննարկվող թեմաների հետ ու մի հետարքրաշարժ միտք արտահայտել: Լրագրողի այն հարցին,թե արդյոք երկրում մոլեգնող կոռուպցիան ու թալանը հետևանք չե՞ն դրանց իրավական հետևանքների բացակայության ու անպատժելիության, հայտնի ՀՀԿ-ականը նախընտրել է հարցին ստեղծագործաբար մոտենալ ու մեջբերել է ժողովրդական` «նա, ով չի բռնվել, ուրեմն՝ գող չէ» հայտնի ասույթն ու համոզմունք հայտնել, թե գողությունը ծնվել է մարդկության հետ միասին և մարդկության հետ էլ վերանալու է, ու եթե համապատասխան հայտարարություններ չեն հնչում, դա չի նշանակում, թե գողություններ չեն լինում. ամեն օր են լինում և ամեն դաշտում:

Թե կոնկրետ ինչ է ցանկացել ինքնատիպ փիլիսոփայության տարրեր պարունակող այս խոսքերով ասել Մելիքյանն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Ակնհայտ է, որ ցանկացել է իշխանահաճո ինչ-որ բան ասել, ինչ-որ լավ բան, բայց արդյունքում ստացվել է, երջանկահիշատակ Չեռնոմիրդինի ասած, ինչպես միշտ:

Ի՞նչ է ստացվում Մելիքյանի ասածից: Փաստացի երկու բան. նա մի կողմից փորձում է անպատժելիության արդարացման համար «բնական» պատճառներ մատնանշել, մյուս կողմից հստակորեն կոչ անում համակերպվել իրավիճակի հետ: Արդյունքում` Մելիքյանը սրբագրում է կոռուպցիայի դեմ իբր մղվող անհաջող պայքարն ու մի բնական հարցադրման առիթ տալիս. եթե կոռուպցիայի դեմ պայքարն ի սկզբանե դատապարտված մտահղացում է ու օդի ավելորդ տատանում, ապա էլ ո՞րն է պետության դերն երկրում մոլեգնող թալանի դեմ պայքարում: Մի՞թե ընդամենը պայքարի տպավորություն ստեղծելն ու այդքանով բավարարվելը և կամ կողքից «թամաշա» անելը: Քրեագիտության ժամանակակից սկզբունքները հուշում են, որ գողացողի մեղքը փաստարկելու համար բնավ պարտադիր չէ գողության պահին անմիջականորեն ներկա գտնվել հանցագործի կողքին: Պատկերացնում եք, չէ՞, ի՞նչ կլիներ, եթե իրավապահ մարմիններն իրենց գործունեության մեջ առաջնոդվեին մելիքյանական սկզբունքով…

Իրականում հասարակությունը շատ լավ տեղյակ է թե՛ գողերի ու թե՛ գողոնի մասին. գաղտնի բան այս փոքրիկ երկրում ուղղակի լինել չի կարող: Պարզապես այստեղ խնդիրը մեկ այլ բանում է` ո՞վ է ի վերջո իրերը կոչելու իրենց անուններով:

Ի դեպ` այս ուղղությամբ որոշակի առաջընթաց կարծես նկատվում է` չհաշված Գագիկ Մելիքյանի հարցազրույցն ` իհարկե:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ