Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն է: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում  ԱՄՆ նախագահին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է.

«Թրամփին պետք է ամերիկացիները գնահատեն, այլ ոչ թե ես: Թրամփը դեռ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն: Ռուսական միջամտությունը հորինվածք է: Ինչ է, պետք է ընդհանրապես արգելե՞լ բոլոր շփումները»,- ասել է նա, ապա ընդգծել, որ ներդրողները վստահում են ԱՄՆ-ին, ինչը կարևոր ցուցանիշ է:

Այնուհետև, անդրադառնալով սպառազինություններին, Պուտինը նշել է, որ իրենք ապահովում են իրենց անվտանգությունը՝ չմտնելով սպառազինության մրցավազքի մեջ. «Ռազմական ծախսերը մեզ մոտ բալանսավորված են այնպես, որ ապահովեն մեր անվտանգությունը և չվնասեն տնտեսությանը: Մենք ծախսում ենք 46 մլրդ դոլարից մի փոքր ավելի ռազմական նպատակներով»,- ասել է Պուտինը՝ բերելով ԱՄՆ օրինակը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 700 մլրդ դոլար:

Ռազմական ծախսերը չե՞ն հարվածում սոցիալական ծրագրերին, հարցին ի պատասխան՝ Պուտինը կատակել է. «Նախկին սպան որդուն հարցնում է՝ այստեղ դանակ կար, ո՞ւր է: Որդին պատասխանում է, թե մի՛ բարկացիր, ես այն փոխել եմ հարևան բակի տղայի ժամացույցի հետ: Հայրը բարկացած ասում է՝ իսկ եթե վաղը ավազակները գան, սպանեն ինձ, մորդ, եղբայրներիդ, բռնաբարեն քրոջդ, դու նրանց ի՞նչ կասես, «Բարի երեկո, Մոսկվայի ժամանակով 12.30 է»,- պատասխանում է որդին»: