Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ հյուրընկալել է Միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով արվեստագետներին Միության հոբելյանի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի և երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանին, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանին, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային և  կոմպոզիտոր Զոհրապ Փարեմուզյանին: 

Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր և արդյունավետ գործունեության համար Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը և  «Մանկական և երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: