«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել և միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը և բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի:

Նոր անվանումը համայնքի ղեկավարին չի զարմացնում: Այն նոր չէ: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անվանումը պատմական նշանակություն ունի: Արևմտյան Հայաստանի էրզրում նահանգի Քղի համայնքի բնակիչները ցեղասպանությունից հետո եկել են այստեղ և բնակավայրը նմանեցրել իրենց գյուղին: Բնակիչները գյուղին Քղի էլ անվանել են՝ թեև պաշտոնապես Բազմավան է կոչվել: 1964 թվականին համայնքը Նոր Քղիի փոխարեն, սակայն, Նոր Գեղի է անվանակոչվել:

Քղիի բնակիչների մեծ մասն այստեղից Կանադա են գնացել: Նրանց կապը, սակայն, մինչև այսօր պահպանվել է: Ստեղծվել է Նոր Քղի միությունը, որն այս համայնքին աչքաթող չի անում:

Նրանց միջոցներով թիվ մեկ դպրոցը վերանորոգվել է: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող են կառուցել: Այս տարիներին համայնքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել: Թևոսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ բարեկամական կապն ընդհատվել էր: Վերջերս նորից են համայնք եկել և վերականգնել հարաբերությունները:

«Եկան ու խոստացան, որ մսուր–մանկապարտեզում վերանորոգումներ կլինեն, բայց խնդրեցին, որ գյուղը Նոր Քղի կոչվի: Մենք էլ քննարկեցինք, բնակիչներից 150 հոգի դիմում գրեց: Ավագանին քվեարկեց և խնդրանքին ընդառաջեց»,– ասաց Թևոսյանը:

Միության անդամները համայնքի անվանափոխության հարցով նաև Սփյուռքի նախարարությանն են դիմել: Վերջինս էլ գրություն է ուղարկել մարզպետարան: Համայնքում էլ խնդրանքը քննարկման են դրել:

«Մեր գյուղին շատ են օգնել: Հիմա մեզ ինչ է խանգարում՝ Նոր Գեղի, թե՞ Նոր Քղի»,– ասաց նա:

Ավագանու անդամ Մարիա Մկրտչյանը դեռ թիվ մեկ դպրոցի տնօրեն աշխատելու ժամանակ էր ցանկանում, որ, ի պատիվ բարերարների, համայնքն անվանափոխվի: Այդ մասին անգամ դիմում են գրել, բայց գործը կիսատ է մնացել: Այսօրվա որոշման համար ուրախ է, քանի որ դրա համար երկար են պայքարել: Նրա պնդմամբ՝ փոփոխություն չի կատարվում, պարզապես պատմական արդարությունն են վերականգնում:«Գեղի ի՞նչ է նշանակում, ես չեմ հասկանում: Գեղին ոչ մի բան չասող անուն է: Ինչու չէ, թող լինի Նոր Քղի: Մեր տարածքում Նոր Երզնկա, Նոր Հաճըն անվանումներ կան, թող այդ պատմական անուններից մեկն էլ մերը լինի: Քղին ուղղակի սխալ տառադարձության են ենթարկել: Ռուսական սխալ թարգմանություն են արել, և արդյունքում Գեղի սխալ անունն է ստացվել»,– ներկայացրեց նա:

6500 բնակիչ ունեցող Նոր Գեղին այս տարիների ընթացքում մի քանի անուն է փոխել: Ադրբեջանցիներով բնակեցված տարիներին Ճաթղռան է կոչվել: Հետո Լուսակերտ անվանումն է ստացել: Կրկին անվանափոխության արդյունքում Բազմավան են անվանել:

Ավագանին այստեղ առաջին անգամ չէ, որ անվանափոխության հետ կապված հարցերին կողմ է քվեարկում: 2015 թվականին համայնքի երաժշտական դպրոցը Ֆրոնտիկ Թևոսյանի ծննդյան 65–ամյակի կապակցությամբ նրա անունով են կոչել: Գյուղապետի անունով է նաև կենտրոնական փողոցներից մեկը:

Որոշումը գործածության մեջ կդրվի, երբ համայնքների խոշորացում տեղի ունենա: Առայժմ պարզ չէ, թե Նոր Գեղին գարնանը որ համայնքներին կմիավորվի: Գյուղապետը, սակայն, շտապեց իր մտահոգությունները հայտնել՝ միավորումից չեն շահի:

«Մենք ունենք Բազմավան թաղամասը: Ունենք արտակարգ մշակույթի տուն, բայց այդ թաղամասը, որ 5 կիլոմետր հեռու է մեզանից, մշակույթի կենտրոն չունի: 60% այս գյուղի համար է արվում, մի 40%–ն այդ թաղամասի: Դժգոհություն կա գյուղացիների կողմից՝ չնայած լուսավորություն ունի»,– նշեց Թևոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում