Հայաստանում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման հարցում մեծ աշխատանք է տարվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին:

«Նախ պետք է ասեմ, որ ցանկացած գերատեսչության աշխատանք, նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ տրամաբանական մոտեցում է, նույն հարթության վրա  չի կարելի գտնվել, մշտապես պետք է ունենալ առաջընթաց»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ պետք է զգուշավորությամբ մոտենալ տարբեր ինդեքսների:

«Ցանկացած երկրում, ցավոք սրտի, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ։ Ցավոք սրտի եմ ես սա ասում, նույնն էլ՝ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում  տվյալ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և որ ամենակարևորն է՝ կանխարգելել։ Այս առումով կարծում եմ մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում, և եթե պարզ թվերը վերցնելու լինենք, օրինակ սպանությունները մեզ մոտ տարեց տարի կրճատվում են։ Օրինակ` այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, որովհետև տարին չի լրացել, բայց մոտավորապես 15-20 տոկոսի սահմաններում  կրճատում է տեղի ունեցել, և տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանություններն էլ, գրեթե բոլորը, բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մի օր գանք հասնենք մի իրավիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ»- նշել է ՀՀ Նախագահը։

Խոսելով Երևանի անվտանգության մասին՝ նա ընդգծել է, որ ամենաճիշտ մոտեցումը մեր սեփական զգացողությունն է և մեր հյուրերի կարծիքը։ «Լավ կլինի երեկոյան դուրս գաք, փառք Աստծո՝ թեև դեկտեմբերի կեսերն է, Երևանում  զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնեք, ինչպես է ինքը զգում Երևանում  և կարող է արդյո՞ք գիշերը 1-ին, 2-ին մենակ առանց ուղեկցողի, ենթադրենք, ռեստորանից հասնել հյուրանոց և այլն։ Այս առումով, կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով, մենք, իրոք պետք է լինենք շատ անվտանգ երկիր, անվտանգ երկիր՝ ներսում, և անվտանգ երկիր՝ մեր սահմաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը։