«Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հաջորդ տարվա ապրիլից իշխանության վերաձեւումների մասին։ Իրականում սպասումները, որ այս անգամ Սարգսյանը կբացի խաղաքարտերը` մեծ էին, սակայն դրանք չարդարացան: Նախագահը, խոսելով գրեթե բոլոր առանցքային նշանակություն ունեցող հարցերից, միևնույն է` պահպանել է ինտրիգը 2018-ին ընդառաջ: Այնուամենայնիվ, Սարգսյանի պատասխաններից պարզ է դառնում, որ նոյեմբերի 24-ը նախագահի վերջին ասելիքը կամ վերջին խոսքը չէր ակտիվ քաղաքականության մեջ: Պարզապես Սարգսյանը որդեգրել է ոչինչ չասելու քաղաքականությունը, իսկ մենք գիտենք, որ նրա տարերքը բնավ էլ հրապարակային քաղաքականությունը չէ, այլ ստվերային դերակատարությունը: Սարգսյանը դրա շնորհերիվ է կռել իր նախագահությունը՝ գործնականում դառնալով անկախության քառորդ դարի ամենակենսունակ գործիչը: Ամեն դեպքում, հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե իրեն ինչ է սպասվելու 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանն ունենար այն վարկանիշը, որ հասարակությունը պատրաստ լիներ նրան տեսնելու վարչապետի աթոռին՝ ՀՀԿ-ն չէր խուսափի քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին որպես հիմնական կերպար օգտագործել, և այդ դերը չէր վերապահվի Կարեն Կարապետյանին։ Եթե ՀՀԿ-ն կարծում էր, որ Սերժ Սարգսյանը բավական վարկանիշ ունի անցնցում վարչապետ դառնալու համար, հենց ինքը կստանձներ այդ պարտականությունը։ Մենք տեսանք հակառակը, հետևաբար, հենց Հանրապետականը գիտակցում է, որ Սերժ Սարգսյանը չունի այդ վարկանիշն այս պահի դրությամբ։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը։ Հենց այդ մասին էլ թե՛ Տավուշում, թե երեկվա հարցազրույցում  հասկացրեց նախագահը:
 
Հայաստանը չունի կայուն քաղաքական համակարգ, մի քանի ամսում շատ բան կարող է փոխվել և ինքը՝ Սերժ Սարգսյանը բնույթով իրավիճակային գործիչ լինելով, շատ լավ կարողանում է խաղարկել կարճ «պարտիաները», բայց ոչ երկարները, և շատ դեպքերում իր հաշվարկները երկար խաղերի ժամանակ չեն իրականացվում։ Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններն արվեցին այն բանի համար, որ ինքն ավելի հեշտ գա իշխանության, բայց մենք ունեցանք Ապրիլյան պատերազմ, դրանից բխող վերնախավային պառակտումներ, Սամվել Բաբայանի գործ, հուլիսյան իրադարձություններ: Կարծես թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել էր, որ հանգիստ գնա վարչապետության, բայց պլանները կտրուկ սկսեցին փոխվել։ Հիմա կա խոչընդոտ՝ Կարեն Կարապետյան: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը ինչ-որ ձևով մնա իշխանության մեջ,ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը իշխանության ամբողջ փաթեթը չի ունենա։ Այդ պատճառով Սերժ Սարգսյանը հենց հիմա չի հայտարարի այդ մասին՝ այլ կհայտարարի ապրիլին՝ ըստ իրավիճակի։ 
 
Սակայն Սարգսյանի ուշագրավ պատասխաններն այսքանով չեն սահմանափակվում: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, արդյո՞ք նրանք նորից կարող են վերադառնալ կառավարության կազմ, հանրապետության ղեկավարն արձագանքել է. «Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ. Օրինակ, ես իմ մասով կարող եմ ասել. նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ՝ մոտեցումը եղել է և մնում է անհատական»:
 
Հայաստանում արդեն ավանդույթ է ձեւավորվել, համաձայն որի՝ երբ որեւէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը կամ աշխատանքի է անցնում նախագահի աշխատակազմում:: Այսպես՝ Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր խորհրդականները նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանը նրանց չէր ակնարկում իր այս խոսքում: Թե ում է պատրաստ ներում շնորհել նախագահը՝ դժվար է ասել, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ վտակներ հեռացան մայր գետից: Սակայն, ինքնին ուշագրավ է. որ նախագահը նախկին պաշտոնյաներին ինդուլգենցիա տալու գաղափարը շաղկապում է 2018-ի իր ծրագրերի հետ: Գուցե հենց դա է վերջիններիս ներման գինը…
 
Ստելլա Խաչատրյան