Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ազատ տնտեսական գոտու բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա ավելացրեց, որ իրանցի գործարարների համար «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու խթան կարող է դառնալ տնտեսական շահը: Դեսպան Սաջադին կարևորեց սահմանակից Սյունիքի մարզի հետ առևտրային կապերի խթանումը և համոզմունք հայտնեց, որ Կապանում բացվելիք առևտրային գրասենյակը նոր թափ կհաղորդի տնտեսական համագործակցությանը:

«Առաջիկայում Կապան է այցելելու մեծ պատվիրակություն, այցի ընթացքում հույս ունենք, որ ձեռք կբերվեն կարևորագոյն պայմանավորվածություններ»,-ընդգծեց Իրանի դեսպանը:

Դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ կտրվի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից' վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ: