Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը որոշել է 2018թ.-ին նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ 2018 թվականին ընդառաջ՝ քաղաքական պատկերը դեռևս  շատ հեղհեղուկ է և չկա հստակ պատկերացում՝ 2018 թվականից հետո ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշի՞նքը կոալիցիա կկազմի, թե՞ ՀՅԴ-ն. «Կուսակցությունների կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցն ածանցյալ է վարչապետի թեկնածուի և կոալիցիոն գործընկերոջ հարցերին: Այս պահին առաջնայինն այն է, թե ո՞վ է լինելու 2018 թվականին երկրի վարչապետը, ի՞նչ քաղաքական կուրս է վարելու նա, ինչպե՞ս է նա ծավալելու հետագա հարաբերությունները ԵՄ հետ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ «Ծառուկյան» խմբակցության կողմից Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարել կամ չսատարելու հարցի մասին մտածելու ժամանակ պահանջելը համարելով սովորական քաղաքական գործընթաց:

Похожее изображение

Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից հնչեցված կոշտ դիրքորոշմանն՝ ըստ որի՝ «Ելք»-ի նախաձեռնությունը չի կարող հաջողությամբ պսակվել և իրենք չեն սատարելու Արտակ Զեյնալյանի թեկնածությանը, Բադալյանը պատասխանեց. «Դա նրանից է, որ Դաշնակցության ձեռքից ոչ մի բան կախված չէ: Այն թեկնածուն, ում կառաջադրի ՀՀԿ-ն, նրան էլ նրանք կսատարեն: ՀՅԴ-ն հիմա չի կարող կասկածի տեղիք տալ, ուրիշ տեսակետ արտահայտել, որովհետև հաջորդ րոպեին կարող է զրկվել կոալիցիոն հուշագրից: ՀՅԴ-ն այդ պարագայում կարող է զրկվել խորհրդարանում հայտնվելու իր միակ շանսից»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ պարագայում ՀՅԴ-ն կարժանանա ՀԱԿ-ի ճակատագրին, քանի որ նրանք, որպես ինքնուրույն սուբյեկտ, որևէ արժեք չեն ներկայացնում:

«Դաշնակցությունը վաղուց Հանրապետականին կցված կառույց է, և եթե իրենց հիմնական շոգեքարշը բաց թողնեն, կդառնա որպես ոչ մեկին պետք չեկող կառույց»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտնել է, որ այս հարցում դիմելու է խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցությանը՝ Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար․ «Մենք հույս ունենք, որ «Ծառուկյան» դաշինքի գործընկերները կպաշտպանեն այս դիրքորոշումը»,-ընդգծել է Փաշինյանը:

Աղավնի Սուքիասյան