«Ֆասթ կրեդիտ» ընկերության նախագահ, բարերար Վահե Բադալյանը 2014-ի տարեվերջից հանդես է եկել հայրենասիրական նախաձեռնությամբ եւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին տվյալ տարվա սահմանային առաջնագծում զոհվածների ընտանիքներին հատկացնում է մեկական միլիոն դրամ: Այս տարի նա հատկացումներն անում է ոչ միայն 2017, այլեւ՝ 2013 թվականի սահմանային զոհերի ընտանիքներին: Վահեն նախաձեռնության հենց սկզբից դիմել է, որպեսզի դրամների հատկացման արարողությունները կազմակերպվեն Երկրապահ կամավորականների միությունում, ԵԿՄ աջակցությամբ: Երկրապահն էլ, բնականաբար, ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպում է գործակցելով պաշտպանության նախարարության հետ:

Այսօրվա միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը հետեւյալ ելույթն ունեցավ:

-Մեր սուրբ նահատակների հարազատնե՛ր,

սրբազան հայրե՛ր,

պարոնայք նախարարնե՛ր,

մայրեր, քույրեր, երկրապահնե՛ր.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից ողջունում եմ այս հայրենասիրական միջոցառման բոլոր մասնակիցներին։ Նախ ես գլուխ եմ խոնարհում հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակի առաջ, ես գլուխ եմ խոնարհում ձեր առաջ, նահատակների հարգելի հարազատներ։ Դուք հպարտորեն մեր երկրում քայլելու իրավունք ունեք։ Սա ձե՛ր երկիրն է։ Հիշեք, որ ձեր զավակները, գիտակցված մահն ընտրելով, անմահացել են։ Նրանք հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում։ Հենց այդ քաջերի օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին։

Ես կամենում եմ ընդգծել, որ մեր ազգը երկրապահ է։ Միշտ էլ դժվարին պահերին կարողացել ենք համախմբվել, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով օգտակար լինել պետությանը, հայրենիքին, ազգին։ Եվ ավանդապաշտ ու երկրապահ ընտանիքի, հայրենասեր ընտանիքի դասական օրինակ է Բադալյանների ընտանիքը։ Շնորհակալություն ձեզ, հարգարժա՛ն Բադալյաններ, որ միշտ զոհվածների կողքին եք։ Ապրես Վահե ջա՛ն։ Դու սրբազան գործ ես կատարում, քո առքելությունն օրհնված է։

Նաեւ այսպիսի բարերարների շնորհիվ է, որ մեր ազգը կարողացել է գոյատեւել, պայքարել ու հաղթել դժվարին իրավիճակներում։
Ովքեր չգիտեն՝ ասեմ, որ Վահեն առաջին ջոկատների հետ անդամագրվել է զինված ազատագրական պայքարին, ինքն էլ ազատամարտիկ է, բժիշկ-ազատամարտիկ՝ բժիշկների ընտանիքից։ Այս ընտանիքը դեռ տասնամյակներ առաջ է կյանք տվել մարդկանց, օգնել անհուսալի թվացող իրավիճակներում:

Եզրափակելով խոսքս՝ ասեմ, որ մեր ազգը, մեր պետությունը հզորանալու են, հասնելու ենք բոլոր ազգային իղձերի իրականացմանը, քանզի միասնական ենք եւ ունենք ամուր հավատքով ժողովուրդ, սեփական ուժերին ապավինող եւ Աստծուն հավատացող ժողովուրդ, ունենք հզոր բանակ, ունենք փայլուն երիտասարդներ, պատանիներ՝ տղա թե աղջիկ, ունենք տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, բարերարներ։ Ազգովի համախմբված ենք մեր պետության ղեկավար, երկրապահ Սերժ Սարգսյանի շուրջը հանուն ազգի եւ պետականության: Այդ նպատակին են ծառայում նաեւ հրամանատարասերժանտական դասընթացները, որ կազմակերպում ենք գործընկեր կառույցների հետ: Այստեղ ներկա են պաշտպանության նախարարը, կրթության եւ գիտության նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, սրբազան հայրեր, այլ գործընկերներ: Մենք միասնաբար ազգաշահ ծրագրերի իրագործմանն ենք լծված:

Փա՛ռք մեր հերոս նահատակներին։
Փա՛ռք հերոսներ ծնող հերոս մայրերին։
Փա՛ռք հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը։

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը զոհվածների ընտանիքներին մեկական Աստվածաշունչ նվիրեց: 
ԵԿՄ «5-րդ բրիգադ. 25 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրվեցին վահե Բադալյանն ու իր հայրը՝ բժիշկ-բարերար Ռոմանոս Բադալյանը:
Մինչ զոհվածների փառաբանման միջոցառման մեկնարկը ԵԿՄ վարչության նախագահի եւ վարչության անդամ գեներալ Սեյրան Սարոյանի ուղեկցությամբ հյուրերը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան, պաշտպանության փոխնախարար, ԿԳՆ ներկայացուցիչներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան եւ այլք, ծաղկադրում արեցին ի փառս հայոց բանակի խաչքարի մոտ, մոմավառություն արեցին մատուռում եւ շրջայց կատարեցին ԵԿՄ տարածքում՝ ծանոթանալով կրակային լսարանի, թանգարանի, գրադարանի պայմաններին: