ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Անվտանգության Խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստին քննարկվել է նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Սարգսյանի կարծիքով, Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը:
 
Ուշագրավ է այն փաստը, որ ԱԱԽ նիստը հրավիրվեց կարևոր իրադարձության ֆոնին: ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների, հրկիզումների եւ այլնի նախապատրաստման մասին: Նշվել է ամերիկահայ Ռոբերտ Քուրքյանի անունը, ով ֆեյսբուքյան էջից, ըստ ԱԱԾ հաղորդագրության, նման կոչեր է անում, եւ հնարավոր է՝ խումբ ունի Հայաստանում: Վերջին մեկ տարում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք առնչվում են իշխանության դեմ ուժային մեթոդներով պայքարին: Երեւանում՝ Նորք-Մարաշում, ԱԱԾ-ն մեծ աղմուկով ձերբակալեց զինված խմբի, որն, ըստ հաղորդագրության՝ նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ: Դրանից հետո տեղի ունեցավ ՊՊԾ-ի գրավման գործողությունը: Իշխանության դեմ ուժային պայքարի տրամադրություններն իսկապես տարածված են եւ որոշակի հող ունեն իրենց տակ՝ իրավական ամենաթողության, անարդարության, սոցիալական չլուծվող խնդիրների եւ այլնի տեսքով: Այս ամենը հանրության  մոտ առաջացնում է անելանելիության վիճակ, սնելով նման տրամադրություններ: Եվ բնական է, որ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունները չեն կարող ձեռնունայն նստել: 2018-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի իրական վտանգ է տեսնում, վտանգ՝ հիմնականում ռեժիմի և դրա կայունության համար, և ըստ այդմ՝ արդեն իսկ հակազդող միջոցների է դիմում՝ ավելացնելով ԱԱԾ գործիքակազմը: Չի կարելի նաև բացառել, որ ուժային կառույցի դիրքերի ամրապնդումը վաղուց էր մտնում նախագահի ծրագրերի մեջ, իսկ վերջին դեպքերն ընդամենը հարմար առիթ հանդիսացան: Գաղտնիք չէ, որ Սարգսյանը մշտապես ավելի հետևողական է եղել հենց ուժային կառույցների ամրապնդման հարցում, դրանք դիտարկելով իբրև իր իշխանության հիմնական հենարան: Այլ հարց է, թե ինչի դեմ է ուղղված լինելու նոր գործիքակազմի կիրառումը՝ ստեղծված բարդագույն արտաքին միջավայրի պայմաններում անձնական ռիսկերը վերացնելո՞ւ, այդ թվում՝ անձնական տնտեսական ռիսկերը, թե՞ պետական մարտահրավերների:
 
Կարևոր է նաև ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության արդիականացման կապակցումը տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման հետ: Ստացվում է՝ Սարգսյանը 2018-ին ընդառաջ վտանգներ է տեսնում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Ի՞նչ վտանգներ են դրանք, եթե կան օբյեկտիվ հիմքեր՝ Հայաստանը համարելու ահաբեկչության սպառնալիքի առումով ամենաանվտանգը տարածաշրջանում: Հայաստանը, 75-րդ տեղը զբաղեցնելով «Ահաբեկչության գլոբալ ինդեքս-2017»-ում (Global Terrorism Index), ընդգրկվել է ահաբեկչական սպառնալիքի ցածր մակարդակով երկրների ցուցակում: Եթե խոսքը իսլամական սպառնալիքի մասին է, ապա Հայաստանն այս առումով շատ վաղուց է թիրախավորված` հաշվի առնելով, որ նույն ԻՊ զինյալները բազմաթիվ անգամներ են հարձակումներ կատարել նույն Սիրիայում՝ հայկական համայնքի վրա: Այնպես որ, մենք թիրախավորված ենք 2011 թվականից: Այդ պարագայում՝ ինչո՞ւ են իշխանությունները հիմա՛ բարձրաձայնում այդ վտանգների մասին:
 
Մի բան ակնհայտ է՝ տնտեսական ու քաղաքական ավելի բարդ ժամանակներ են սպասվում թե՛ ներքին, ու թե՛ արտաքին առումներով, եւ տեսանելի չէ, որ իշխանությունն ընդունակ է իրավիճակ փոխել: Փոխարենը՝ մնում է պարբերաբար «կանխել ու բացահայտել»…
 
 
Ստելլա Խաչատրյան