«Կարևոր հարցազրույց էր: Լինելով տևական՝ ընթացքում անդրադարձ կատարվեց և տրվեց հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, բայց այլ հարց է՝ հանրությանը կբավարարե՞ն դրանք, թե՞ ոչ»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

Քաղաքագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանը խոսեց 2018-ի ապրիլից իշխանության վերաձևումների մասին, սակայն չանդրադարձավ իր հետագա գործունեությանը՝ պահելով ինտրիգը: «Դատելով անցած ժամանակահատվածից՝ մինչև վերջին պահը վերջնական որոշումը չի հայտարարվելու: Համենայն դեպս՝ ակնհայտ է, որ իշխանությունն ընտրել է այդ մարտավարությունը: Մնացել է գրեթե 4 ամիս, բայց չեմ կարծում, որ այդ փակագծերը կբացվեն: Գոնե ես՝ այս առումով չզարմացա: Իսկ Նախագահի նշած բազմաթիվ գործոնները պայմանավորված են ներքաղաքական հարթության, ներհամակարգային, ինչպես նաև արտաքին գործոններով»,- ասաց նա: 

Նախագահը նշեց, թե միգրացիայի բալանսը զրոյական լինելու դեպքում մենք կունենանք 4 միլիոն բնակչություն: Հարցին՝ արդյո՞ք մենք կարող ենք հասնել դրան, Մեհրաբյանը պատասխանեց.

«2040 թ.-ին ունենալ 4 մլն բնակչություն՝  նշանակում է հասնել նրան, որ բալանսը լինի զրոյական: Մենք պարտավոր ենք հասնել դրան, որի համար պետք են քաղաքական վճռական քայլեր, որպեսզի իրավիճակ, մտածողություն փոխվի: Որպեսզի խնդիրը լուծելի լինի, պետք է հասնենք նրան, որ մարդիկ քիչ գնան և շատ վերադառնան: Ի վերջո, ես մնում եմ այն համոզման, որ հայերը Ռուսաստանում և Մերձավոր արևելքում ուղղակի ապագա չունեն և պետությունն ուղղակի պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձությունը, ովքեր դառնան Հայաստանում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի: Մենք այլ ճանապարհ չունենք»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նույնը վերաբերում է Արցախին. «Աշխարհում կա 2,5 մլն ղարաբաղցի, իսկ Արցախում ապրում է նրանց ընդամենը 10 %-ը: Սա մի պատկեր է, որը ձևավորվել է  պատմական իրադարձության բերումով»:

Անդրադառնալով հեռացած պաշտոնյաների մասին արված Նախագահի հայտարարություններին, Մեհրաբյանն ասաց.

«Կդժվարանամ ասել՝ ում նկատի ուներ Նախագահը, սակայն պետք է ենթադրել՝ ինչ-որ մարդկանց շրջանակ նկատի ուներ, որը չբացելով՝ մտածելու տեղիք տվեց: Ներհամակարգային փոփոխություններն անխուսափելի են, որոնք էապես բարձրացնում են ռիսկերը, և բնական է, որ Սերժ Սարգսյանը հետաքրքրված է նրանով, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի: Նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց հնարավորություն տալով վերադառնալ կառավարման համակարգ՝ նա այնուամենայնիվ փորձում  է լուծել այդ խնդիրը: Այդ իմաստով՝ տրամաբանությունը հասկանալի է»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով՝ ժամանակը, ընդ որում՝ ոչ շատ երկար ժամանակը ցույց կտա, թե ում նկատի ուներ նախագահը:

Սոնա Հարությունյան